Միգուցե տպավորություն ստեղծվի, որ ԵՏՄ մտնելու առավելություններն ավելի շատ են, քան հնարավոր վնասները։ Մտնում ենք ավելի հարուստ տնտեսական տարածք՝ մեծ շուկայով, բարձր եկամուտներով, և այլն։
Սակայն կան նաև այլ ցուցանիշներ (ավելի ճիշտ՝ ցուցիչներ), որոնք արդեն թույլ չեն տալիս միանշանակ լավատես լինել։
Օրինակ՝ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող Doing Business զեկույցի համաձայն՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելը շատ ավելի հեշտ է, քան Ռուսաստանում, Ղազախստանում կամ Բելառուսում։ Doing Business-ում Հայաստանը զբաղեցնում է 37-րդ տեղը, Ղազախստանը` 50-րդ, Բելառուսը՝ 63-րդ, Ռուսաստանը` 92-րդ։
Կամ` կոռուպցիայի ցուցանիշը։ Transparency International-ի կողմից հրապարակվող Կոռուպցիայի ընկալման համարաթվում Հայաստանը համարվում է կոռումպացված, բայց ոչ այնքան, որքան ԵՏՄ մեր գործընկերները։ Հայաստանը 94-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 127, Ղազախստանը՝ 140, Բելառուսը՝ 123:
Կարդացեք նաև
Նույն պատկերն է տնտեսական ազատությունների առումով։ Heritage Foundation-ի կողմից հրապարակվող տնտեսական ազատության ինդեքսում (2014թ.) Հայաստանը 41-րդ տեղում է, Ղազախստանը՝ 67-րդ տեղում, Ռուսաստանը՝ 140-րդ տեղում, Բելառուսը՝ 150-րդ տեղում։ Հիշեցնենք, որ այս և նախորդ զեկույցներին միշտ մեծ կարևորություն է տրվել ներկա և նախկին պաշտոնյաների կողմից։ Օրինակ՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը միշտ անթաքույց հիացմունքով էր խոսում տնտեսական ազատության ինդեքսի մասին։
Եվ կա վերջապես մի կարևոր զեկույց, որն առաջին հայացքից կապ չունի տնտեսության հետ։ Խոսքը Freedom House-ի կողմից հրապարակվող ազատությունների ինդեքսի մասին է։ 4 երկրներից միայն Հայաստանն է, որը գնահատվել է մասնակի ազատ (partly free)՝ 4.5 միավորով։ Մնացած երկրները համարվել են անազատ։
Իսկ թե ժողովրդավարության մակարդակը, ազատությունները, կոռուպցիան և
օրենքի գերիշխանությունը որքանով են կարևոր յուրաքանչյուր տնտեսության համար՝ թողնում ենք ընթերցողի դատին։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում