Սյունիքի առաջին ատյանի դատարանում դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ (նստավայրը՝ Ստեփանակերտ) ընթանում է դատավարություն, որը հայտնի «գոմեշի մսի» շրջանակներում է:
2014թ. սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտում տեղի ունեցած դատական նիստում մեղադրյալ, ՊԲ մայոր Արտո Չիթչյանը մի քանի փաստարկներ է բերել, որոնք ցույց են տալիս, որ դատախազությունը մեղադրյալներին ճիշտ տեղում չի փնտրում: Գործով մեղադրող դատախազը Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ Ալեքսան Ղազարյանն է, ով գործի նախաքննության ժամանակ քննիչ է եղել:
Արտո Չիթչյանը դատարանի դահլիճում հայտարարել է, որ իրենք՝ որպես կասկածյալ ցուցմունք տալու ժամանակ քննիչ Ալեքսան Ղազարյանը հայտնել է, որ իրենք տեղեկություններ ունեն ՀՀ Գլխավոր շտաբի պետի այն ժամանակվա տեղակալ Արշալույս Փայտյանի և ԼՂՀ ՊԲ հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հեռախոսազրույցի մասին, որտեղ երկու գեներալ-լեյտենանտները պայմանավորվել են և Փայտյանը թույլտվություն է ստացել 100 տոննա բրիկետ տեսակի միս (գոմեշի անոսկոր միս) Պաշտպանության բանակ մատակարարելու համար: Արտո Չիթչյանը հայտարարեց, որ պատրաստ է իր ասածը հիմնավորել համապատասխան աուդիո ձայնագրությամբ:
Գործի մեջ առկա է նաև «Ա.Օհանջանյան» ՍՊԸ տնօրեն Ալբերտ Օհանջանյանի 07.03.2011թ. զեկուցագիրը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ա. Փայտյանին, որով խնդրում է որոշակի քանակով ոսկրոտ տավարի մսի փոխարեն մատակարարել բրիկետ տեսակի միս: Ա. Փայտյանը 12.03.2011թ. զեկուցագիրը մակագրում է ՀՀ ԶՈւ ԳՇ պարենային ծառայության պետ Վ.Գասպարյանին՝ հետևյալ գրությամբ. «Թույլատրում եմ տավարի ոսկրոտ մսի փոխարեն ընդունել առանց ոսկրի միս, եթե այն ժամկետանց չի: Ստորագրություն»: Արտո Չիթչյանը նաև հայտնում է, որ 2013թ., երբ գործով մեղադրյալների փախանման միջոցը փոխվել էր ու իրենք ազատ են արձակվել Շուշիի բանտից՝ Ալեքսան Ղազարյանն իրենց հորդորել է հարցազրույցներ չտալ, ինչպես նաև ինտերնետում չգրել տեղի ունեցածի մասին՝ ասելով, որ հարցերը երկու ամսվա մեջ իրենց մասով կարճվելու է:
Կարդացեք նաև
2014թ. հոկտեմբերի 7-ի դատական նիստում մեղադրողը հնչեցրել է մեղադրական ճառը: Արտո Չիթչյանի պաշտպան Արկադի Իսրայելյանը պաշտպանական ճառը պատրաստելու համար ժամանակ է խնդրել: Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 28-ին: