Հոկտեմբերի 9-ից 12-ը Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ դպրոցի ունկնդիրների ամենամյա ուսումնական այցն Արցախ:
Հոկտեմբերի 9-ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հանդիպեցին նախարար Կարեն Միրզոյանի և նախարարության ղեկավար անձնակազմի հետ:
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և ԼՂՀ արտաքին գործերի նախարարության առջև այս փուլում դրված հիմնական խնդիրները:
Նույն օրը երեկոյան Դպրոցի ունկնդիրներին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը գոհունակությամբ նշեց, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների` Արցախ այցելելու` Դպրոցի տնօրենի նախաձեռնությունն արդեն դարձել է ավանդույթ, ինչը հատկապես կարևոր է ապագա դիվանագետների մասնագիտական ունակությունների կատարելագործման համար: Նախագահ Սահակյանն անդրադարձավ Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության մի շարք առանցքային խնդիրների և պատասխանեց ունկնդիրների հարցերին:
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 10-ի առավոտյան ԴԴ ունկնդիրներն այցելեցին սահմանապահ առաջին գիծ, դիրքերում զրուցեցին հերթապահ զինվորների հետ, ծանոթացան մարտական պատրաստականության առանձնահատկություններին և ծառայողների առօրյային: Ունկնդիրները Պաշտպանության բանակի ուսումնական հրաձգադաշտերից մեկում ներկա գտնվեցին ծրագրային զորավարժության, այցելեցին ՊԲ զորամասերից մեկը:
Նույն օրը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Արցախի Ազգային Ժողովի նախագահի և վարչապետի հետ:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ունկնդիրներին ծանոթացրեց Արցախի օրենսդիր մարմնի կողմից իրականացվող միջազգային ծրագրերին, ներկայացրեց երկրի ձեռքբերումները օրենսդրական, քաղաքական, դիվանագիտական, և այլ խնդիրների համատեքստում։
Ընդունելով Դպրոցի ունկնդիրներին՝ Արցախի կառավարության ղեկավար Արա Հարությունյանը խոսեց տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված միջոցառումների մասին: Պատասխանելով ունկնդիրների հարցերին՝ վարչապետը անդրադարձավ Արցախում ներդրումների խթանմանը և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված քայլերին:
ԴԴ ունկնդիրները Ստեփանակերտում այցելեցին ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան և Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, իսկ Շուշիում` Կերպարվեստի և երկրաբանության թանգարաններ և Շուշիի արվեստների կենտրոն: Ստեփանակերտում վերաբացված «Ղարաբաղ կարպետ» ընկերությունում ունկնդիրները ծանոթացան տեղական հումքից արցախյան հայտնի ձեռագործ գորգերի պատրաստման ողջ ընթացքին:
Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն այցելեցին նաև Դադիվանքի ու Գանձասարի վանական համալիրներ, Ղազանչեցոց եկեղեցի, եղան Տիգրանակերտում և Տիգրանակերտի թանգարանում:
ՀՀ ԱԳՆ