Լրահոս
Օրվա լրահոսը

«Փայտի գործով» մարդկանց դատում են, իսկ վառելափայտ չկա

Հոկտեմբեր 13,2014 21:03

Հոկտեմբերի առաջին տասնօրյակն է, սակայն Տավուշի մարզի բնակիչների զգալի մասը դեռ ձմռան վառելափայտի խնդիրը չի լուծել: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան, Ոսկեպար գյուղերի բնակիչներն ասացին, որ պետության կողմից որպես թափուկ հատկացված փայտը անտառի խորքերում է գտնվում, այն պատրաստելու, տեղափոխելու համար մեծ ծախսեր են հարկավոր: Շատ ընտանիքներ հազիվ են գոյատեւում եւ չեն կարող նման ծախսեր անել: Այդ գյուղերում մեկ խորանարդ մետր վառելափայտի շուկայական գինը 12 հազար դրամ է:

Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանից տեղեկացանք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի բոլոր բնակավայրերի (բացի Վրաստանին սահմանակից 4 գյուղերի) ընտանիքներին անվճար հատկացվել է 8 խորանարդ մետր թափուկ,ինքնապատրաստմամբ: Անտառտնտեսության տնօրենին ասացինք, որ այդ թափուկը անտառի խորքերում է գտնվում, դրա պատրաստումը մեծ ծախս է պահանջում: Վ. Չիլինգարյանի խոսքերով՝ թափուկն անվճար է տրվում , գյուղացիները կարող են այն տեղափոխող տրանսպորտի համար որոշակի ծախս կատարել:

Նա հայտնեց, որ սահմանամերձ, անտառամերձ Ոսկեվան,Կոթի, Բարեկամավան եւ Դովեղ գյուղերի բնակիչներին թույլատրվել է պետականորեն հաստատված գնի կես չափով՝ խորանարդ մետրը 4860 դրամով թաց կանգուն վառելափայտ պատրաստել: Վերոհիշյալ 4 գյուղերի բնակիչներին նման կերպ կհատկացվի ընդհանուր առմամբ 800 խորանարդ մետր վառելափայտ: Վ. Չիլինգարյանն ասաց, որ խանգարող հանգամանքը շարունակվող անձրեւներն են, անտառային ճանապարհները դարձել են ցեխոտ եւ անանցանելի: Նա հույս հայտնեց, որ դեռեւս 2-3ամիս արեւային եղանակներ կլինեն, եւ մարդիկ կկարողանան վառելափայտ պարսատել:

Անցյալ տարի Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղապետերը բնապահպանության նախարարին խնդրել էին,որ անվճար թափուկի հատկացումը ամռանը կատարվի, որպեսզի կարողանան արեւոտ եղանակին վառելափայտ պատրաստեն եւ տեղափոխեն: Սակայն այդ խնդիրը չլուծվեց:

Վառելափայտի խնդիրը դեռ չի լուծվել նաեւ Դիլիջանին հարակից գյուղերում:Ձմռան վառելափայտի խնդրի պատճառով, ի նշան բողոքի, սեպտեմբերի 18-ին Դիլիջանի հարակից գյուղերի մոտ 1000 բնակիչներ ,մոտ մեկուկես ժամ փակել էին միջպետական ճանապարհը: Ճանապարհը փակելու կապակցությամբ ոստիկանության Դիլիջանի բաժինը խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցել; Ճանապարհ փակած մի խումբ անձինք դատարանի որոշմամբ կարող են տուգանվել 50 հազար դրամի չափով: Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանն ասաց, որ իրենց գյուղի գրեթե ողջ բնակչությունը ձմռանը տունը տաքացնում է փայտով, բնական գազով շատ քչերն են ջեռուցում:

Գյուղապետն ասաց, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրեն Սահակ Մուրադյանը պատրաստակամ է օգնել բնակիչների վառելափայտի խնդիրը լուծելուն: Սակայն խանգարում է անձրեւային եղանակը: Ազգային պարկի աշխատողները անտառի խորքերում նոր ճանապարհներ պետք է բացեն, որպեսզի հատումների համար տարածք լինի:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031