Վաղը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսում Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը լրագրողներին ասաց, որ տեղյակ է հայ ֆուտբոլիստների վնասվածքների մասին, բայց վաղը Հայաստանի հավաքականը խաղադաշտ մտնելու է 11 ֆուտբոլիստներով: Բնականաբար, դիտել է Սերբիայի հետ խաղը, որում Հայաստանի հավաքականն արժանի էր հաղթանակի: 11 մետրանոցը չիրացվեց, իսկ Սերբիայի հավաքականը կարողացավ հավասարեցնել հաշիվը: Հայաստանի հավաքականը լավ էր պաշտպանվում եւ ունի շատ լավ ու վտանգավոր ֆուտբոլիստներ:
Խոսելով Ֆրանսիայի հավաքականի վաղվա կազմի մասին՝ մասնագետը նշեց, որ շատ փոփոխություններ է նախատեսել՝ անկախ մրցակցի կազմից եւ այդ փոփոխությունները վաղը կտեսնենք խաղադաշտում: Դեշամը փորձում է ավելի շատ խաղացողներ ընդգրկել հավաքական եւ նրանց դրսեւորվելու հնարավորություն է ընձեռում:
Պատասխանելով հարցին, թե խմբից ո՞ր երկիրը դուրս գալու ավելի շատ հնարավորություն ունի, Դիդյե Դեշամն ասաց. «Խմբում թիմերի դասավորությունը բավականին սեղմ է: Առաջին հայացքից թվում է, թե ֆավորիտ համարվում է Պորտուգալիան, որտեղ հանդես է գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Բայց Ռոնալդուի բացակայությամբ Պորտուգալիան պարտվեց Ալբանիայի հավաքականին:
Կարդացեք նաև
Սերբիայի հավաքականը բավականին լավ թիմ է, որի ֆուտբոլիստները խաղում են եվրոպական լավագույն ակումբներում:
Դանիան նույնպես բավականին արդյունավետություն ցուցադրող հավաքական է:
Մենք ունենք որոշակի պատկեր թղթի վրա: Հայաստանն ընդամենը 1-2 հաշվով պարտվեց Դանիային եւ կարող էր հաղթել սերբերին: Այնպես որ, բոլորի հնարավորությունները բավականին բարձր են: Այս խմբից միանգամից երկու հավաքական հայտնվելու է Եվրո 2016-ի հիմնական խմբում, երրորդ թիմը նույնպես հնարավորություն կունենա: Այսինքն, խմբի կեսը, եթե ոչ ավելին, հնարավորություն ունի անցնելու Եվրոպայի առաջնություն»: Ասուլիսից հետո Ֆրանսիայի հավաքականը մարզում անցկացրեց հանրապետական ստադիոնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Hakber-ի եւ Gevorg Perkuperkyan-ի