Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջը խեղդելու համար՝ 10 տարի ազատազրկում

Հոկտեմբեր 13,2014 20:27

Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Մերուժան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2014թ. մայիսի 12-ի առավոտյան խանդի շարժառիթով, կնոջը կասկածելով ամուսնական դավաճանության մեջ՝ կյանքից զրկելու դիտավորությամբ իրենց տան ննջասենյակի անկողնում ձեռքերով խեղդամահ է արել իր կնոջը՝ 1983թ. ծնված Հերմինե Չիլինգարյանին:

Մ. Հարությունյանը 2014թ. մայիսի 6-ին սահմանապահ զորամասի պաշտպանական շրջանում նշանակված լինելով որպես դիտորդ, խախտել է ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգով լքել է մարտական դիրքը, ինչի պատճառով իրական սպառնալիք է ստեղծել հակառակորդի անակնկալ հարձակումը հայտնաբերելուն եւ դրան դիմակայելուն: Նախկինում չդատված Մ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը») եւ 365 հոդվածի 1-ին մասով( «Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել»):

Հոկտեմբերի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Մերուժան Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ 365 հոդվածի 1-ին մասով,104 հոդվածի առաջին մասով նրան դատապարտել 9 տարի ազատազրկման,365 հոդվածի 1-ին մասով՝ 1 տարի ազատազրկման: Դատավորը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ նշանակված պատիժները լրիվ գումարելու սկզբունքով, Մ . Հարությունյանին վերջնականապես դատապարտել 10 տարի ազատազրկման: Դատավարության ժամանակ Մերուժանը զղջացել է իր արարքի համար: Նա դատական նիստի ժամանակ հայտնել է, որ ինքը նախկինում կնոջն ասել է՝ եթե նա իրեն չի սիրում, ճիշտ լինի, որ իրենք ամուսնալուծվեն: Առանց ծնողական խնամքի են մնացել նրանց երեք երեխաները,որոնք այժմ գտնվում են Մերուժանի ծնողների մոտ:

Նշենք, որ սա այս տարի Բերդի տարածաշրջանում պայմանագրային զինծառայողի կողմից խանդի հողի վրա կնոջը խեղդամահ անելու 2-րդ դեպքն է: Տավուշ գյուղի բնակիչ, 1986թ. Հովսեփ Իսրայելյանը 2014թ. հունվարի 13-ի առավոտյան իր տան ննջասենյակում խեղդամահ է արել իր կնոջը՝ Հասմիկ Զաքինյանին: Հուլիսի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Հ. Իսրայելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031