ՀԱԿ-ԲՀԿ «սիրախաղի» պատճառով որոշ կուսակցություններ ու քաղաքական գործիչներ հեռացան Կոնգրեսից՝ անհեռանկարային համարելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը` ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու մասին:
Ուստի այսօր Aravot.am-ը ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց՝ արդարացված չէ՞ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծությունն ու հաշվարկները, քանի որ այսօր մենք տեսնում ենք, որ Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Ազատության հրապարակում է եւ շարժում է նախաձեռնում:
Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Նախ, շարժում ասածը գոյություն չունի բացարձակ: Ինչպե՞ս կարելի է մի անգամ մարդկանց հավաքել, բերել հրապարակ ու դա համարել շարժում: Շարժումը 88-ին էր, շարժումը 2008-ին էր, երբ մարդիկ կամավոր գալիս էին ու պատրաստ էին օրերով, շաբաթներով, ամիսներով պայքարել: Իսկ հիմա ուրբաթ օրը հրապարակում, այո ժողովուրդ կար, ես վստահ եմ, որ քառյակի կամ եռյակի ղեկավարները, եթե ունենան քաղաքական կամք եւ վճռականություն, ինչ-որ տեղից հրահանգավորված, այդ դեպքում երեւի հրահանգ գա երեւի իշխանությունը վերցնել, որովհետեւ ժողովուրդն այնքան է զզված գործող վարչախմբից, որ կգնա այդ ուղղությամբ:
Հիմա արդարացվա՞ծ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը ԲՀԿ-ի մասով թե ոչ՝ ըստ իս, դա բացարձակ արդարացված չէ, որովհետեւ այն ժամանակ ժողովուրդը իրական շարժում էր: Ինքը փոխեց ժողովուրդը Գագիկ Ծառուկյանով:
Կարդացեք նաև
Ցավոք, պետք է ասեմ, որ երբեմնի մեր առաջնորդը շարժումներ թաղելու յուրահատուկ ընդունակություններ ունի, այդպես էր 88-ին եւ 2008-ին: Հիմա, եթե իրենք հրապարակել են շարժում եւ եթե այդ շարժման պատվիրատուն որոշի թաղելու՝ կթաղվի: Եթե որոշի, որ պետք է իշխանություն վերցնեն, իշխանություն կվերցնեն: Բայց դու ասա՝ բան փոխվելո՞ւ է դրանից: Իհարկե՝ ոչ: Փոխվելու է մի բան՝ ժողովուրդը կրկին հայտնվելու է հիասթափության դաժան շրջապտույտի մեջ: Դրա համար էլ մենք, անձամբ ես, եթե իրենց հաջողվի իշխանափոխություն իրականացնել, ինձ այսօրվանից հայտարարում եմ ընդդիմություն ու շատ ավելի ակտիվ ընդդիմություն, քան երբեւէ եղել եմ այս 15-20 տարվա ընթացքում: Եթե, իհարկե, իրենց պատվիրատուն կարողանա իրենց միջոցով իշխանությունը վերցնել»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ եք համոզված, որ դա պատվիրատու ունի, ո՞վ է պատվիրատուն՝ Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Ներսից պատվիրատուն Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են՝ Քոչարյանի գլխավորությամբ, դրսից հնարավոր է ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ ՌԴ-ն, հիմա չեմ կարող ասել, թե որ տարբերակը կարող է այս պահին գործել»:
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ինքը պատրաստ է առաջադրվելու նախագահական ընտրություններում, Դուք իրեն պատկերացնո՞ւմ եք նախագահի պաշտոնում՝ Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Հայաստանում ամեն ինչ հնարավոր է: Եթե հնարավոր է, որ մարդ, որը Մարտի 1-ի հիմնական գործող անձանցից մեկը լինի, նույն Մարտի 1-ի զոհերի հետ նույն հարթակում հայտնվեն, եւ ժողովուրդն էլ կարող է այդպես ողջունել ու ընդունել, ինչո՞ւ մտածել, որ հնարավոր չի: Հայաստանում, ցավոք սրտի, ամեն անհնարինը դառնում է հնարավոր՝ բացասական առումով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ