«Եվրասիական տնտեսական միությունը հապճեպ միություն է, որը ստեղծվեց Ռուսաստանի կողմից` որպես այլընտրանք Արեւելյան գործընկերությանը»,- այսօր` հոկտեմբերի 13-ին, Կովկասի ինստիտուտում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Բելառուսում ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրին, հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը.
Նրա խոսքերով` Արեւելյան գործընկերություն նախագիծը դրական արդյունք չտվեց Ուկրաինայի եւ Մոլդովայի պարագայում, այդ գործընթացից կարողացել է խուսափել միայն Ադրբեջանը. «Ես ըմբռնումով եմ ընկալում Ռուսաստանի քայլերը, որովհետեւ Արեւմուտքը ապակառուցողական քայլ կատարեց: Ինքը, փաստորեն, փորձ կատարեց Ռուսաստանից պոկել իր ԱՊՀ տարածքի բոլոր բեկորները, պոկելով էլ փորձեց ինտեգրել իր համակարգի մեջ, սկզբնական փուլում` տնտեսական, հետո` քաղաքական, այնուհետեւ` նաեւ ռազմական: Ռուսաստանի համար դա արդեն դառնում էր ազգային անվտանգության սպառնալիք, եւ նա ստիպված գնաց այն տարբերակով, որպեսզի կարողանա հակադրվել այդ Արեւելյան գործընկերության շրջանակներին, ստեղծեց այլընտրանքային միություն եւ փորձեց մրցակցել»:
Պարոն Բոզոյանը նշեց, որ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունները զարգանում են ապակառուցողական եղանակով, եւ նրանց միջեւ ձեւավորվել է խորը անվստահություն. «Այստեղ առաջնային մեղքը հենց Արեւմուտքինն է, որովհետեւ եթե ինքը չգնար ապակառուցողական ճանապարհով, Ռուսաստանը չէր պատասխանի ապակառուցողական ճանապարհով: Այս միությունը իրենից ներկայացնում է բավականին արհեստածին միություն»:
Երվանդ Բոզոյանը համարում է, որ Հայաստանը Ադրբեջանի պես պետք է չեզոք դիրք պահեր: Ըստ նրա` եթե Հայաստանը չհպարտանար, որ ակտիվ դերակատարում է ունենում եվրոպական ծրագրերում, ապա Ռուսաստանից ճնշում չէր լինի. «Հայաստանը իր քաղաքականության պատճառով հայտնվեց մի իրավիճակի մեջ, որը կասկածելի հեռանկար ունի: Հայաստանը վերջին քսան տարիների ընթացքում զարգացրել է առավելապես ազատական դաշտ ունեցող տնտեսություն, որտեղ հիմնականում ապրանքները գալիս են Արեւմուտքից եւ միակ տարբերակն էր, որ կարող էինք լրջորեն մրցակցել»:
Կարդացեք նաև
Երվանդ Բոզոյանի կարծիքով` տնտեսական ռիսկերից բացի կան նաեւ քաղաքական ռիսկեր, քանի որ այդ ինտեգրացիայով Հայաստանը մասնակիորեն հրաժարվում է կոմպլեմենտար քաղաքականության սկզբունքներից, ինչը, ըստ քաղաքագետի, վտանգ է ներկայանում.
«Հայաստանը իրեն պահեց թեթեւաբարո կնոջ պես, որը ստիպեց ամուսնուն խանդի տեսարան ստեղծել եւ խանդի արդյունքում կնոջը փակեց սենյակում: Մենք 20 տարիների ընթացքում կարողանում էին մեզ շատ արժանապատիվ պահել եւ արժանապատիվ քաղաքականություն էինք վարում, մենք ունեինք հատուկ ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ երբեւիցե այդպիսի խանդ չկար Ռուսաստանի կողմից»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ