Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանին վերանշանակեցին, որ նրա վաճառած հանքի գումարնե՞րն օգտագործեն

Հոկտեմբեր 13,2014 19:50

«Սա ակնհայտ ապտակ է ողջ հասարակությանն ու ժողովրդին»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը, այսպես պատասխանեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նա վրդովված նկատեց՝ ինչի՞ն էր պետք Սուրիկ Խաչատրյանին այդ պաշտոնը ու շարունակեց. «Սուրիկ Խաչատրյանն իրենց ընկերն է, իրենց տղան, կարող էին այլ պաշտոն նշանակել, կամ պաշտոնն իր ինչի՞ն էր պետք»: Ըստ պարոն Գիմիշյանի՝ այստեղ հարցը սկզբունքային է. «Սկզբունքն այն է, որ Սուրիկ Խաչատրյանը ոչ մի պրոբլեմ չունի, այդպես է նա իրեն պահում ու զգում այս երկրում»:

Սոս Գիմիշյանի կարծիքով՝ այս ուղերձն ուղղված է ողջ հասարակությանը. «Ուղերձն այն է՝ ոնց կուզենք, ինչ կուզենք, այնպես էլ կանենք, վաղն էլ Սահմանադրությունն ենք նման կերպով անցկացնելու»: Սոս Գիմիշյանը առաջարկում է ընդհանրապես հանել մարզպետների ինստիտուտը, քանի որ նրանց հանրությունը ատում է, քանի որ ճնշում են գործադրում մարդկանց վրա:

Aravot.am-ի դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ նշանակման հիմնական պատճառն այն էր, որ Սուրիկ Խաչատրյանի գումարները օգտագործվեն սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի անցկացման ծախսերը հոգալու համար, մանավանդ, որ վերջերս նա Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանին է վաճառել մոլիբդենով և պղնձով հարուստ իր հանքերից մեկը` բավականին պատկառելի գումարով, ըստ մամուլի տեղեկությունների` 19 մլն դոլարով:

Պարոն Գիմիշյանն ասաց, թե նման տեղեկատվության առանձնապես չի տիրապետում, պարզապես հավելեց. «Այսօրվա իշխանավորների մեծ մասը զբաղվում են անօրինական կյանքով ու տնտեսական գործունեությամբ: Այստեղից էլ գալիս է երկրի ունեցվածքի վատնումը: Բայց մյուս կողմից, եթե չնշանակեին, բայց ցանկանային, որ ինքն այդ գումարը դրա համար ծախսեր, մի՞թե չէր ծախսելու: Բնականաբար ծախսելու էր: Այդ փողերը իրենը չեն, այլ գործող իշխանություններինը, ինչպես կհրամայեն, այնպես էլ կծախսեն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031