Լրահոս
Օրվա լրահոսը

Էբոլան` միջազգային հանրության անհանգստության պատճառ

Հոկտեմբեր 13,2014 19:10

Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը կամ Էբոլա հեմոռագիկ տենդը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է:

Առաջին անգամ այս հիվանդությունն արձանագրվել է 1976 թվականին Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը: Հարուցիչը Էբոլա վիրուսն է:
Էբոլա վիրուսը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ): Հիվանդի վաղ հայտնաբերման դեպքում վերջինիս առողջանալու հնարավորությունը մեծանում է: Կա վիրուսի 5 ենթատեսակ, որոնք անջատվել են աֆրիկյան տարբեր բնակավայրերում:

Վիրուսի բնական պահոցը հատուկ տեսակի չղջիկներն են (այդպիսիք Հայաստանում չկան): Վիրուսը մարդկանց է փոխանցվում չղջիկների կամ հիվանդ վայրի որոշ կենդանիների (կապիկներ, խոզեր, մացառախոզեր, այծամներ) հետ սերտ արյունային կամ լորձային շփման (կծել, ճանկռել և այլն) կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով:
Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով:
Գաղտնի շրջանը մի քանի ժամից (առավել հաճախ` 48 ժամից) մինչև 21 օր է:

Բուժումն իրականացվում է միայն հիվանդանոցում՝ մեկուսացման պայմաններում:
Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության հատուկ բուժումը բացակայում է:
Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ առկա չէ պատվաստանյութ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ վերջին 9-10 ամսվա ընթացքում աֆրիկական մի շարք երկրներում (Գվինեա, Սիերա Լեոնե, Նիգերիա, Լիբերիա, վերջերս նաև` Սենեգալ և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) էբոլա վիրուսով հարուցված հիվանդության բռնկում կա։ Պետք է նշել, որ հիվանդությունը 2012 թվականի դեկտեմբերից հիմնախնդիր է հանրային առողջապահության մարմինների համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով մինչ օրս ամբողջ աշխարհում արձանագրվել է էբոլա վիրուսով հարուցված 9000-ից ավելի դեպք, որից 4000-ը` մահվան ելքով:

Բացի աֆրիկական երկրներից էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեպքեր արձանագրվել են թե՛ եվրոպական, և թե՛ ամերիկյան տարածաշրջանի երկրներում, մասնավորապես`

Իսպանիայում արձանագրվել է էբոլա վիրուսով հարուցված հիվանդության 2 դեպք: Վերջիններս եղել են վանականեր, ովքեր աֆրիկական երկրներում օգնել են էբոլա վիրուսով հարուցված հիվանդների: Այնուհետև հոսպիտալացվել է 1 հիվանդ (բուժքույր, ով շփում է ունեցել հիվանդ վանականի հետ) և 2 կասկածելի հիվանդ (1 բուժքույր և նրա ամուսինը):
Կասկածելի դեպքեր են արձանագրվել նաև Միացյալ Թագավորությունում և Չեխիայում:

2014 թվականի սեպտեմբերի 29-ին ԱՄՆ Տեխասի նահանգում արձանագրվել էր մեկ հիվանդ (Թոմաս Դունկան, ով Լիբերիայից գնացել է Տեխասի նահանգ` հարազատների մոտ): Հոկտեմբերի 9-ին հիվանդը մահացել է: 80 կոնտակտավոր մեկուսացված են: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական հայտարարությամբ (13.10.2014թ.) Տեխասի նահանգի Դալլասի հիվանդանոցում հիվանդությունը հաստատվել է մեկ բուժքրոջ մոտ, ով շփում է ունեցել մահացած այդ հիվանդի հետ:

Կասկածելի դեպք է արձանագրվել նաև Բրազիլիայում (հետազոտության ընթացքում է):
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջարկում է`
– Բարձր պատրաստականության բերել առողջապահական կազմակերպությունները հիվանդների վաղաժամ հայտնաբերման, ախտորոշման, մեկուսացման և բուժման համար:
– Միջազգային նշանակության օդանավակայաններում ձևավորել կարողություններ տենդով ուղևորների հայտնաբերման և մեկուսացման համար:
– Իրազեկել ուղևորներին ախտահարված երկրներ այցելության ժամանակ հնարավոր վտանգների մասին:

Հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և ուսումնասիրելով Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկված միջոցառումները` ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է հետևյալ միջոցառումները`

– ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ամրագրվել են բոլոր հնարավոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։
– Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին։
– Ձեռք են բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ` անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։
– Բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդական ուղեցույց։
– Մշակվել է հուշաթերթ ազգաբնակչության համար (կցվում է)։
– Ուղևորներն իրազեկվում են ախտահարված երկրներ այցելության ժամանակ հնարավոր վտանգների մասին (հուշաթերթը կցվում է)։
– Ձեռք են բերվել լաբորատոր կարողություններ, այն է` ախտորոշիչ համակարգեր։
– Իրականացվել են սեմինար դասընթացներ բուժանձնակազմի, տուրիստական կազմակերպություններ համար։
– Առաջարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն արգելելու վայրի կենդանիների մուտքը հանրապետություն:

Աշխատանքները շարունակվում են։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031