Վինագործ Մարտին Երիցյանը ստեղծել է լարային երաժշտական գործիքների մի խումբ՝ հայկական վիոլաներ, որոնք, նրա կարծիքով, ավելի հարմար են հայկական երաժշտություն կատարելու համար. «Մոտ 15 տարի առաջ ես մի համերգի էի մասնակցում, որի ժամանակ հայկական գեղեցիկ մեղեդիները նվագում էին քամանչայով և այլ գործիքներով, որը չէր «սազում» հայկական մեղեդուն: Հենց այդ ժամանակ որոշեցի ստեղծել այնպիսի մի յուրօրինակ գործիք, որը նման չլիներ որևէ այլ գործիքի և, որ ամենակարևորն է, հնչողությունը հարմար լիներ հին հայկական մեղեդիների համար: Պատրաստեցի գործիքներ, որոնք ես անվանում եմ քեմանիներ՝ նկատի ունենալով, որ հին համշենական երաժշտական գործիքների մեջ քեմանին ավելի ընդունված բառ է, բայց ավելի ճիշտ է դրանք անվանել վիոլա քեմանիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց պարոն Երիցյանը:
Առաջին անգամ հայկական վիոլաների ձայնը կարելի կլինի լսել հոկտեմբերի 17-ին կայանալիք «Կոմիտաս. վերապրում» խորագրով համերգին՝ նվիրված Վարդապետի 145-ամյակին:
Համերգի ընթացքում կհնչեն երաժիշտ, կոմպոզիտորներ Գրիգոր Առաքելյանի կոմիտասյան երաժշտության մշակումները և Վահան Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա:
Բացի Գրիգոր Առաքելյանից (հայկական վիոլա) և Վահան Արծրունուց (մեներգ, կիթառ), համերգին կմասնակցեն նաև Հասմիկ Բաղդասարյանը (մեներգ), Էմմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), “Les Violons d’Armenie” լարային հնգյակը և Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Նոր Նորքի հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Կարինե Յեզեկյան):
Գրիգոր Առաքելյանն ասում է, որ Մարտին Երիցյանի ստեղծած հայկական վիոլաներով հնարավոր է և իրենք պատրաստվում ենք նաև եվրոպական դասական երաժշտություն կատարել. «Բոլորս էլ գիտենք, թե ինչ մեծ արագությամբ է աշխարհում (հատկապես Եվրոպայում) զարգանում դասական արվեստը: Եվ այդ մրցակցության պայմաններում ամեն մի երաժիշտ փորձում է մի նոր գույն, մի նոր ասելիք գտնել: Ահա հայկական վիոլաները պատրաստի մի նոր գույն են, մի նոր ասելիք, մանավանդ որ ակունքներ ունեն և հիմնված են ազգային հին մշակույթի վրա»,- ասաց Գ. Առաքելյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ