Լրահոս
Օրվա լրահոսը

Ասորի Ուղղափառ եկեղեցու հովվապետն այցելեց Մայր բուհ

Հոկտեմբեր 13,2014 17:53

Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի հետ:

Ասորի ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին ուղեկցում էին Տրիպոլիի և Լեռնային Լիբանանի արքեպիսկոպոս, Ս. Սինոդի գլխավոր քարտուղար Մոր Թեոփիլոս Սալիբան, Հոմսի արքեպիսկոպոս Մոր Սիլվանոս Բուտրոս ալ Նեհմեհը, պատրիարքական քարտուղար Մոր Տիմոթեոս Մաթթա ալ Խուրին, Հայր Կարլոս Բաբին և Հայր Ջոզեֆ Բալին:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց Մայր բուհ այցելելու և համալսարանականների հետ հանդիպելու համար: «Ողջունում եմ Նորին Սրբությանը, մաղթում առողջություն, երկար տարիների կյանք և տոկունություն իր շատ դժվարին, սակայն շատ պատվաբեր և անհրաժեշտ ծառայության մեջ»,- նշեց Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորը հանդիպման մասնակիցներին հակիրճ ներկայացրեց նաև Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի կենսագրական որոշ տվյալներ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ասորի ուղղափառ եկեղեցու հոգևոր պետն ուրախությամբ ընդգծեց, որ ընտրվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցն է, և ուրախ է, որ այն կատարել է հենց Հայաստան, քանի որ տարիներ շարունակ վայելել է հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու բարեկամությունն ու աջակցությունը:

Այնուհետև անդրադառնալով Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում տևական ճգնաժամի և ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված ծանր իրադրությանը՝ Ասորի ուղղափառ եկեղեցու հոգևոր պետը նշեց, որ այդ իրավիճակը, որպես սեփական ցավ է ընդունվում ինչպես հայ, այնպես էլ ասորի ժողովուրդների կողմից: «Սիրիան բազմաթիվ հայերի ու ասորիների համար երկրորդ հայրենիք է: Ցավով պետք է նշեմ, որ այսօր Սիրիայի հայկական և ասորական համայնքներն այդ երկրի ժողովրդի հետ շարունակում են մարդկային և նյութական մեծ կորուստներ կրել»,- ընդգծեց Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը։

Ասորի ուղղափառ եկեղեցու հոգևոր պետը նշեց նաև, որ հայ և ասորի քույր եկեղեցիները հիմնված են միևնույն քրիստոսաբանության ու սրբազան ավանդության վրա և դարեր շարունակ գործել են կողք կողքի՝ իրենց նպաստը բերելով երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:

Ելույթից հետո համալսարանականները մի շարք հարցեր ուղղեցին հյուրին, ինչից հետո Արամ Սիմոնյանն Ասորի ուղղափառ եկեղեցու հովվապետին հանձնեց ԵՊՀ հուշամեդալ, հայ նկարիչ Շմավոն Շմավոյանի գործերի ալբոմը և այլ հուշանվերներ:

Հավելենք, որ եռօրյա այցի շրջանակներում Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը և պատվիրակության մյուս անդամները հանդիպումներ են ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031