Լրահոս
Օրվա լրահոսը

Լավն էր ծնունդդ, «ավելի բարեկարգ» Երեւա’ն

Հոկտեմբեր 13,2014 17:49

Օր 1

Տասներկուսին տաս էր պակաս, դուրս էի գալիս Մամուլի շենքից, երբ նկատեցի փողոցում ամրացրած սպիտակ դրոշակը «Երեւան 2976» գրառմամբ, հետո եւս մեկը, մի հատ էլ … Եթե հիշողությունս չէր դավաճանում, մինչեւ այդ այս դրոշակները չկային: Քայլերս ուղղեցի դեպի Երեւանի քաղաքապետարան, կրկին ու կրկին սպիտակ դրոշակներն էին: Հանկարծ ձայներ լսեցի.

«Արա՛, արագացրո՛ւ: Էս քանի ժամ ես դնում: Տնաշե՛ն, ծուռ դրեցիր: Հավեսդ չունեմ է, քունս տանում ա, արագացրո՛ւ գնանք հանգստանանք: Ես հո քո գերին չե՞մ»:

«Մի՛ խանգարի է, թո՛ղ գործս հանգիստ անեմ: Էդքան բողոքելու տեղը կարայիր օգնեիր»:

«Տղե՛րք, արագացրեք է, էդքան ի՞նչ եք քչփչում»:

Մոտեցա ձայներին, աշխատակիցներն էին՝ փողոցը դրոշակներով էին զարդարում: Առաջին անգամ էի տեսնում, թե ինչպես են այդ դրոշակները դրվում: Փաստորեն, ամեն ինչ կատարվում է այն ժամանակ, երբ Երեւանը քնած է, որ հանկարծ չտեսնի հատուկ իր համար պատրաստված անակնկալները: Այդ պահին մտքերս ընդհատեց Երեւանի քաղաքապետարանի ժամացույցի զանգի ձայնը՝ Երեւանի օրհներգը:

Օր 2

Առավոտը նոր էր բացվել, արտասովոր ոչ մի բան չկար. սովորական առավոտ էր, եւ ես շտապում էի աշխատանքի: Տոնի մասին ինձ ոչինչ չէր հիշեցնի, եթե չլինեին ավտոբուսների վրա ամրացրած գույնզգույն փուչիկները: Երեւի թե Երեւանն արդեն արթնացել եւ տեսել է հատուկ իր համար պատրաստված անակնկալները, եւ դեռ չի էլ ենթադրում, թե իրեն ինչեր են սպասում:

Ճիշտն ասած ես էլ չգիտեի, թե Երեւանի «պապան» ինչ էր պատրաստել իր դստեր համար: Բայց մեկ էլ նկատեցի սուպերմարկետի դռների վրա փակցրած ծրագրերը, մտածեցի. «Ինչ լավ է, հա՛մ կծանոթանամ ծրագրի հետ, հա՛մ էլ կմտնեմ ուտելու մի բան կառնեմ»: Այս մտքերով մոտենում էի դռներին, որ ընտրեի, թե որ միջոցառմանն եմ մասնակցելու, այն էլ դռները բացվեցին, ես էլ ճարահատյալ մտա ներս:

Մինչ որոշում էի, թե ինչ եմ ուզում, կրկին ականատես եղա անծանոթ մարդկանց կյանքի մեկ հատվածին. յոթ-ութ տարեկան երեխան հետաքրքրվում էր մորից. «Մա՛մ, էդ կարտոշկեն առնում ես, որ տորթ սարքե՞ս»:

«Դավի՛թ, գժվեցի՞ր, կարտոշկայով ո՞վ ա տորթ սարքում»:

«Բա ես էլ եմ էդ ասում, մա՛մ, էդ կարտոշկեն դիր, մեզ պետք չի, գնանք շոկոլադ առնենք, ալյուր առնենք, որ տորթ սարքես»:

«Բալե՛ս, բայց ո՞վ ա ասել, որ տորթ պետք ա սարքենք»:

«Ես եմ ասում, մա՛մ: Ծնունդ ա, մոռացե՞լ ես»:

«Դավիթ, Արսենչիկի ծնունդը հաջորդ ամիս ա: Հիմա շուտ ա, ժամանակը կգա կառնեմ»:

«Մամա՛, իիիի՜, ի՞նչ Արսենչիկ, Երեւանի ծնունդն ա: Պատկերացնում ես, մա՛մ, Երեւանը տատիկից մեծ ա»:

Մինչ մայրը ապշած նայում էր տղային, ու չգիտեր՝ ի՞նչ ասեր, ես իմ առեւտուրն արեցի եւ շտապեցի տուն՝ աշխատելու: Աշխատելու պիկ պահին, մտքովս անցավ հետաքրքիր է Երեւանը հորոսկոպով ի՞նչ է, եւ գործս թողած համացանցում սկսեցի փնտրտուքս:
Գտա՛, ուրեմն՝ Երեւանը կշեռք է, իսկ կշեռք կանայք, ըստ հորոսկոպի, նորաձեւության էտալոն են եւ հասարակության կարծիքին մեծ տեղ են տալիս (հա՛, հասկացա, թե ինչո՞ւ են Հյուսիսային պողոտան վերանորոգում, այդքան էլիտար շենքեր կառուցում եւ վերջի վերջո ինչո՞ւ են տարին տասներկու ամիս փողոցներն ասֆալտապատում): Միեւնույն ժամանակ կշեռքները խաղաղասեր են եւ արդարամիտ են, ի՞նչ Երեւան ունենք, է՜:

"Yerevan, My Home" Erebuni-Yerevan 2796

Օր 3

Արեւի շողերն ինձ ստիպեցին արթնանալ. Ի՞նչ լավ է, այսօր եղանակը Երեւանի կողմից է: Հետաքրքիր է, Երեւանին ի՞նչ նվեր են տալու: Երեւի, Հյուսիսային պողոտան վերանորոգում էին հենց Երեւանի համար, Հանրապետության հրապարակի հարակից այգին էլ էր Երեւանին նվեր, փողոցներն էլ էին ասֆալտապատում նույն պատճառով, թեքահարթակների մասին էլ չխոսեմ:

Երեկոյան դուրս եկա: Կարծես թե մինչեւ մետրո արտասովոր ոչինչ չկար, միայն չէին հասցրել ասֆալտապատել, դե ոչինչ Երեւանը Շենգավիթ համայնքից չի նեղանա: Մետրոյում արդեն ինձ դիմավորեցին կրկին գույնզգույն փուչիկներն ու տոնական անցուդարձը: Իսկ ես դեռ օրվա ծրագիրն էլ չէի տեսել:

Մեր վագոնում մեծամասնությունը Հանրապետության հրապարակում իջավ, այդ իսկ պատճառով որոշեցի իջնել հաջորդ կայարանում՝ Երիտասարդականում: Մետրոյում մարդկանց շարժը հիշեցնում էր երկուշաբթի առավոտ, երբ բոլոր ուսանողները շտապում են իրենց դասերին, սակայն այսօր այդ շտապողները տարբեր տարիքի էին: Այդ նույն շարժը շարունակվում էր նաեւ Իսահակյան փողոցում, իսկ Տերյանում արդեն մարդկային խցանումը փոխարինվեց ավտոմեքենաների խցանումով եւ ավտոմեքենաների ազդանշաններով: Այդ իրավիճակը շարունակվեց մինչեւ Սայաթ-Նովա, այնուհետեւ կրկին խցանումները տեղերով փոխվեցին:

Ես շտապեցի Հյուսիսային պողոտա՝ տեսնելու համար, թե ինչպիսինն է Երեւանի, երեւի թե գլխավոր նվերը: Զարմացել էի՝ մի քանի օրում ինչպե՞ս են կարողացել աշխատանքներն ավարտել, սակայն զարմանքս երկար չտեւեց. Ոտքիս տակ շարժվեց քարերից մեկը: Այնուհետեւ նկատեց, որ նախատեսված վայրերում ծառերն ու ծաղիկները չէին էլ տնկել, իսկ մի մասի վրա էլ ընդհանրապես աշխատանքներ չեն տարվել:

Վախենալով Հանրապետության հրապարակում հավաքված ամբոխի չափերից՝ Արամի փողոցով ճանապարհս շարունակեցի դեպի Մաշտոցի պողոտա, այստեղ համեմատաբար ավելի հանգիստ էր. ժողովրդական երաժշտություն էր հնչում: Պողոտայի սրճարաններից մեկի վրա վերջապես տեսա փակցված օրվա ծրագիրը, լավ է, այս անգամ մոտենալուց դռները չբացվեցին: Ծրագրում, իհարկե՛, գտա ինձ հետաքրքիր միջոցառումներ, բայց ժամը ժամից անցել էր:

Միտք առաջացավ՝ նշել միջոցառումը բնության գրկում: Այդպես էլ արեցի՝ մոտակա սուպերմարկետից գնեցի ծննդյան համար բոլոր անհրաժեշտ պարագաները եւ իջա Հրազդանի կիրճ, որտեղ երեւի թե ոչ ոք տոնական տրամադրություն չուներ: Եվ այդպես սկսվեց ծննդյան «քեֆը»՝ կենացներ եւ որկրամոլության սեանսներ, մինչեւ իմ «քեֆին» «չխոչընդոտեց» տոնական հրավառությունը: Իսկ դուք Հրազդանի կիրճում եղե՞լ եք հրավառության ժամանակ: Խորհուրդ չէի տա, ինձ մի պահ թվաց կամուրջն է պայթում, բայց փառք բոլոր գոյություն չունեցող աստվածներին. նման բան տեղի չունեցավ:

Դե իմ պաշարն էլ վերջացավ, ձորից դուրս եկա եւ տաքսի պեղեցի: Լավն էր ծնունդդ, «ավելի բարեկարգ» Երեւա’ն, չեմ ասի ամենալավը, բայց դրական զգացմունքներ պատճառեցիր եւ երեւի թե ոչ միայն ինձ … Մտքերիս հոսքը միանգամից կանգնեցին, երբ լսեցի Երեւանի քաղաքապետարանի զանգը՝ «Երեւան դարձած, իմ Էրեբունի», արդեն հոկտեմբերի 13-ն է:

Վե՛րջ, Երեւա՛ն, հիմա քո հյուրերն էլ կամաց-կամաց կգնան իրենց տներ, քաղաքներ, գյուղեր: Բայց դու չտխրես, մենք հաջորդ տարի էլ իրար հետ կհավաքվենք, իրար հետ կուրախանանք, առջեւում էլ Նոր տարին է, իրար հետ ենք դիմավորելու:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031