Հակահարված» խմբի ակտիվիստ Արտակ Գեւորգյանը իր նկատմամբ ոստիկանների երեկվա բռնությունները ու իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության որոշումը բողոքարկելու մասին դեռ չի մտածել:
Նա պնդում է, որ ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանի երեկվա փողոցային ցուցահանդեսին որեւէ մասնակցություն չի ունեցել, ընդամենը դիտորդ է եղել: Նրա պատմելով, ինքը ցուցահանդեսը դիտելու էր գնացել մոտոցիկլետով, հենց այդ ժամանակ նրան են մոտեցել երկու ոստիկան, պահանջել մոտոցիկլետի փաստաթղթերը. «Հետո ոստիկանները կապ տվեցին ու մեզ մոտեցան պարեկային ծառայության 3 մեքենա ու մի 5 կարմիր բերետավոր էլ վերեւից վազելով եկան: Ինձ հարցնում էին դո՞ւ ես նկարները փակցրել պատերին, ասացի` ոչ, հարցրին, իսկ ո՞վ է փակցրել, ասացի` չեմ ուզում պատասխանել, պարտավոր չեմ պատասխանել: Ձեռքերս ոլորեցին, հենց փողոցի մեջտեղում պառկեցրին, ձեռնաշղթաներ անցկացրին ձեռքերիս ու ահավոր վատ ձեւերով մտցրին մեքենա: Մեքենայի մեջ ուզում էին գրպանս մտնել, որ հեռախոսս ու մոտոցիկլետի բանալիները վերցնեին, չթողեցի»:
Նա Կենտրոնի ոստիկանության բաժին տանող ճանապարհին փորձել է զանգել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բայց ոստիկանները նրան արգելել են. «Ձեռնաշղթաները դեռ չէին հանել ձեռքերիցս ու ես նստել էի բազմոցին, երբ ոստիկաններից մեկը մոտեցավ ու հարցրեց` ինձ ո՞վ է թողել նստեմ բազմոցին ու հանեցին պատի տակ կանգնեցրին: Որպես բողոքի ակցիա պառկեցի գետնին, մինչեւ պետի տեղակալը եկավ: Ամբողջ ընթացքում չեն թողել իրավապաշտպանի զանգեմ ու չեմ պատասխանել նրանց հարցերին, հրաժարվեցի թղթեր ստորագրել, ցուցմունքներ տալուց էլ եմ հրաժարվել: Երեք ժամ հետո ինձ բաց թողեցին»:
Արտակ Գեւորգյանի պատմելով` ցուցահանդեսի նկարները հիմնականում քաղաքի պատկերներ էին, բայց կային նաեւ կնոջ, ցուցարարների նկատմամբ ոստիկանի բռնության պատկերով նկարներ:
Կարդացեք նաև
Ակտիվիստը վարչական պատասխանատվության է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու ու հանրային վայրերը աղտոտելու համար: Բայց նա պնդում է, որ նկարներ փակցնելու գործին չի մասնակցել ու ոստիկանի կողմից էլ ոչ մի պահանջ չի ստացել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Արտակ Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից