Ռուսաստանն Ադրբեջանի հետ պատրաստվում է Կասպից ծովի տարածաշրջանի հավաքական անվտանգության համակարգ ստեղծել: Այդ նոր կառույցի հիմնական տարրերից մեկը կլինի մերձկասպյան երկրների ռազմածովային ուժերի խորհրդի ստեղծումը: Այս է եղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի հիմնական արդյունքը, գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթը:
Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության պատճառով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առաջացած տարաձայնությունից հետո, Շոյգուի այս այցը երկու երկրների միջև առաջին ռազմական ակտիվ շփումն էր: Ինչպես հայտնում են ռազմական աղբյուրները, գրում է թերթը, տարաձայնությունների շրջանը հաղթահարվել է: Դրա ապացույցն է երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ակտիվությունը: Մասնավորապես, Ռուսաստանում այս պահին անվճար ուսանում են 57 ադրբեջանցի զինվորականներ, բացի այդ, Ադրբեջանն իր սպառազինությունների 80%-ը գնում է Ռուսաստանից:
ՌԴ պաշտպանության նախարարն Ադրբեջան ժամանելուց հետո անմիջապես մեկնել է հանդիպելու նախագահ Իլհամ Ալիևին: Այնուհետև ծաղկեպսակ է դրել նախկին նախագահ Հեյդար Ալիևի և անհայտ զինվորի շիրիմներին:
Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը Շոյգուն հայտնել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է.
Կարդացեք նաև
«Մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման մակարդակով, – ասել է Շոյգուն, – Մերձավոր Արևելքում, Սիրիայի և Իրաքի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները կարող են Ադրբեջանի և Ռուսաստանի համար ահաբեկչական սպառնալիքների վերաճել»:
ՌԴ նախարարի խոսքերով, իրենց համար առաջնային է համարվում 2013-2016թթ. Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ծրագրի իրագործումը: Ծրագիրն արդեն պատրաստ է: Այն նախատեսում է համատեղ օպերատիվ և մարտական պատրաստվածություն:
Շոյգուն հայտնել է, որ հանդիպման ժամանակ մերձկասպյան անվտանգության համակարգ ստեղծելու առաջարկություններ են արվել:
«Մենք առաջարկեցինք մտածել Կասպից ծովի տարածաշրջանի հավաքական անվտանգության համակարգ ստեղծելու մասին: Այս ծրագրի առաջին փուլը կարող է լինել ռազմածովային ուժերի խորհրդի ստեղծումը», – ասել է բանակի գեներալը:
Շոյգուն նաև տեղեկացրել է, որ 2015թ. համար մի շարք համատեղ ռազմածովային զորավարժություններ իրականացնելու համաձայնություն է ձեռք բերվել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ