Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի` նախկին Մանկական աշխարհի կամ Կենտրոնական հանրախանութի շենքում առևտրային համալիրի կառուցման նախաձեռնությունը բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունն առաջացրեց: Մի շարք դատական գործեր, ՀՀ նախագահին ուղղված նամակներ, որոնցով բնակիչները պահանջում էին, որ իրենց սեփականությունը համարվող տարածքներն իրենց ձեռքից վերցնելու համար իրենց փոխհատուցեն:
Սակայն խնդիրներն այդպես էլ չլուծվեցին, մնաց միայն այն փոսը, որ փորվել է մայրաքաղաքի սրտում` Մանկական աշխարհի հարակից տարածքում:
Aravot.am-ը Արա Աբրահամյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ շինարարություն չի կատարվում և ի՞նչ ընթացք են ստացել քաղաքացիների դժգոհությունները: Պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Այսօր կան խնդիրներ, որ չեն լուծվել, դրանք էլ հետաձգում են մեր աշխատանքները: Ամբողջ կառույցը մեկ տեխնոլոգիական կենտրոն է, մինչև այդ շենքը չհանձնենք, ամբողջ համալիրը հանձնել չենք կարող: Եթե ես այլ տեղերում տարբեր կառույցներ եմ կառուցում, ապա դա էլ կկառուցեմ: Բայց այդ, դատական գործերը մեզ հետ չեն կապված, ես այդ շենքը աճուրդով եմ գնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ