Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ արդեն 5-րդ անգամ կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որի շրջանակներում առաջին համերգը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Անվանի հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում կկատարվեն կոմպոզիտորի կամերային, երգչախմբային և սիմֆոնիկ անտիպ ստեղծագործությունները, որոնք մինչև օրս պահված են եղել նրա արխիվում և երբևէ չեն կատարվել:
«Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մեզ հաջողվել է թվայնացնել մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները, որոնք կհնչեն փառատոնի համերգային ծրագրում:
Ինձ համար շատ կարևոր է, որ Ա. Տերտերյանի երաժշտությունը հնչելու է Երիտասարդական նվագախմբի կատարմամբ և հնչելու է ոչ միայն Հայաստանում: Մենք կկատարենք այն նաև արտասահմանում: Իհարկե, ոչ այս փառատոնի շրջանակներում, բայց նախատեսում ենք թվայնացված այդ ստեղծագործությունները ներկայացնել նաև դրսի հանդիսատեսին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Կարդացեք նաև
«Տերտերյանը համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր է: Կարելի է ասել, որ նա դրսում ավելի հայտնի է, քան Հայաստանում: Նրա հոբելյանը նշվում է Ռուսաստանում, Գերմանիայում: Տերտերյանն այն բացառիկ կոմպոզիտորներից է, որի ստեղծագործությունները հնչում են ողջ աշխարհում: Ես ինքս արտասահմանում մի քանի անգամ լսել եմ դրանք: Բայց պետք չէ կարծել, թե Հայաստանում ոչինչ չի արվում Տերտերյանի երաժշտության տարածման ուղղությամբ»,- ասաց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը:
Բանախոսների տեղեկացմամբ՝ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնը կներառի 7 համերգային երեկո, որոնցում հանդիսատեսի դատին կհանձնվեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում կներկայացնի հոբելյանական երեկոներ:
Փառատոնը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 11-ը, անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Աջակիցները ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունն են:
ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանն ասում է, որ շատ է կարևորում այս փառատոնը հատկապես նրա համար, որ դրա շրջանակներում հնչում են նաև երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ. «Միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր ու հուզական բան կա նրանում, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում Տերտերյանի շատ ստեղծագործություններ կհնչեն առաջին անգամ»,- հավելեց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ