Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյանը` Գագիկ Ծառուկյանի մասին. «Չէի ուզենա, որ օլիգարխը երկրի նախագահ լիներ»

Հոկտեմբեր 13,2014 16:21
Sos Gimishyan

«Այսօրվա քաղաքական էլիտան իրենց սպառել է»,-այսօր «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ երկրում լուրջ փոփոխություններ պիտի տեղի ունենան և դրանք պիտի լինեն առանց ցնցումների: Պարոն Գիմիշյանը նշեց՝ «Աստված հեռու պահի, հանկարծ ուկրաինական տարբերակ մեր երկրում չլինի»:

Պարոն Գիմիշյանն ասաց. «Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին, ես ողջունում եմ: Բավականին մեծաքանակ ժողովուրդ էր եկել, բայց ավելի մեծ զանգվածներ են պետք»:

Իշխանափոխության պահանջի առումով պարոն Գիմիշյանն ասաց. «Ես կընդունեմ ցանկացած փոփոխություն քաղաքական կուրսի: Ինձ համար իշխանավորի անունը կարևոր չէ, կարևոր է, թե ինչ է ուզում և ինչպես է այն իրականացնում»:

Պարոն Գիմիշյանը հիշեցրեց, թե ՀԱԿ դաշինքում ամենամեծ խնդիրներն առաջացան այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց համագործակցել ԲՀԿ-ի հետ:
Կրկին անդրադառնալով եռյակի` հոկտեմբերի 10-ի հանրահավաքին` պարոն Գիմիշյանն ասաց, որ չի մասնակցել հանրահավաքին ու նկատեց. «Կուզեի, որ ելույթներն ավելի որակյալ լինեին, ժողովրդի կողմից ավելի մեծ վստահություն ունենային: Բայց այնտեղ մի մասը նախկին իշխանավորներ են, մյուսները` այսօրվա իշխանության մաս են կազմել, նույնիսկ մարտի 1-ին իշխանության հետ միասին ժողովրդի դեմ զենք են կիրառել, մյուս մասը ժողովրդի մեծ մասի քվեն ստացավ, բայց որևէ փոփոխություն և առաջխաղացում տեղի չունեցավ»:

Aravot.am-ի հարցին` համամի՞տ է այն կարծիքներին, որ եռյակը օրակարգ չունի, և մյուս կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե քառյակն այժմ ոչ պակաս հրաշալի է, քանի որ իրենց է միացել Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, պարոն Գիմիշյանն ասաց. «Իհարկե, ինչքան լայն է շրջանակը, այնքան լավ: Իմ պատկերացմամբ` այստեղ մոտեցումները շատ տարբեր են. կամ արևմտամետ ուժեր, կամ անհասկանալի կեցվածքի տեր ուժեր:

ԲՀԿ-ի կեցվածքն ինձ համար անհասկանալի է մնում և այն, թե ինչպես են ՀԱԿ-ն ու ԲՀԿ համագործակցում: Լավ կլիներ, որ որպես հրաշալի քառյակ իրենց ժողովուրդը գնահատեր, ոչ թե իրենք իրենց: Մեծ չի փոփոխությունը` Դաշնակցությունը գնաց, Ժողովրդական կուսակցությունը միացավ»:

Պարոն Գիմիշյանը ևս օրակարգ չի տեսնում եռյակում, բայց միևնույն ժամանակ նշում, թե «անկախ իմ վերաբերմունքից հարթակում կանգնած անձանց նկատմամբ, կուզեի, որ գործընթացը շարունակվեր»:

Սոս Գիմիշյանի կարծիքով` եթե դրսից օժանդակող ուժ լինի, գործընթացը կարող է երկար շարունակվել, որոշակի հաջողություններ ունենալ, հակառակ դեպքում կարևոր է, թե մոտակա երկու հանրահավաքներին ինչ կասեն ու կանեն: Բայց, պարոն Գիմիշյանը տեսնում է «2008-ի կրկնություն»:

Սոս Գիմիշյանի կարծիքով` Գագիկ Ծառուկյանը ճիշտ վարվեց, որ ելույթ չունեցավ, «առավել ևս Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, մանավանդ, որ մեկ օր առաջ ինքը հայտարարել էր, որ պատրաստ է նախագահ դառնալ»:

Սոս Գիմիշյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը տնտեսական դեմք է, և ինքը «կուզեր մի այնպիսի երկրում ապրել, որ երկրի նախագահը լիներ շատ ավելի քաղաքական դեմք»:

Այնուհետև պարոն Գիմիշյանը հայտարարեց. «Կուսակցությունները ոչ թե մեծությամբ պիտի գնահատվեն, այլ ծրագրերի, մտքի որակով: Եթե ես ունենամ փող և նպատակ, կարող եմ ավելի մեծ կուսակցություն սարքել, քան ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն են»:
Հստակեցմանը `արդյոք իրատեսակա՞ն է, որ Գագիկ Ծառուկյանը դառնա ՀՀ նախագահ, պարոն Գիմիշյանն ասաց. «Ամեն դեպքում նա օլիգարխ է, ինչը նշանակում է օրենքը շրջանցելով տնտեսական գործունեություն վարել:

Ու ես չէի ուզենա, որ օլիգարխը երկրի նախագահ լիներ: Բայց նախագահի պլանկան մենք այնքան ցածր ենք իջեցրել, որ հակառակը, մեր երկրում յուրաքանչյուրն էլ կարող է հավակնել այդ աթոռին: Ավելին, ինչքան անխելք, անբարոյական, քցող, քծնող, այնքան մեծ շանսեր ունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031