Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ եռյակի հանրահավաքում չհնչեց Հովիկ Աբրահամյանի անունը

Հոկտեմբեր 13,2014 16:10

«Ոչ իշխանական քառյակը հանդես է գալիս միասնական օրակարգով»,- եռյակի նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Հիշեցնենք, վերջինս այսօր հայտարարել էր, որ եռյակը միասնական օրակարգ չունի, մասնավորաբար ասելով. «Որպեսզի լինի առավել համակարգում, անհրաժեշտ է, որ շատ հստակ ներկայացվի առաջիկա քայլերը ժողովրդին: Եվ քանի որ այդ հարցը տակավին չէր քննարկվել մեր մեջ, ես մոտեցա Ծառուկյանին եւ Տեր-Պետրոսյանին: Մոտեցա, իրենց կարծիքը հարցրի եւ իրենք դեռ պատրաստ չէին, միակարծիք չէին հաջորդ քայլերի մասին եւ ուրեմն այդ հարցը մնաց առաջիկա օրերին»:

Հոկտեմբերի տասի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանություններից ստացվելիք առաջարկությունների մասին էր խոսել: Լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ առաջարկներ են ակնկալում ստանալ իշխանությունից, ո՞ր առաջարկները ողջամիտ կլինեն, Լևոն Զուրաբյանն ասաց, որ իշխանություններից ոչ մի ակնկալիք չունեն: «Մենք մեր անելիքը գիտենք և գիտենք, թե ինչ գործընթացով ենք գնալու: Իշխանությունը, եթե ասելիք ունի, նա ունի մի փոքր ժամանակ՝ իր ասելիքն ու առաջարկությունները ներկայացնելու համար:

Մենք ոչ մի ակնկալիք չունենք: Տեր-Պետրոսյանի խոսքի մեջ ոչ սպասելիքի մասին է խոսվել, ոչ էլ ակնկալիքի, այլ ընդամենը խոսվել է նրա մասին, որ իշխանությունն ունի ինչ-որ ժամանակ՝ հանդես գալու առաջարկներով: Կետ առաջին՝ իշխանությունը սպառված է, կետ երկրորդ՝ պետք է Հայաստանում ձևավորել մի իշխանություն, որը կարող է լուծել Հայաստանի առջև դրված խնդիրները: Եթե իշխանությունը, ելնելով այս երկու ելակետից, ունենա առաջարկներ, մենք կարող ենք լսել: Բայց դա ենթադրում է, որ այդ առաջարկությունները չեն կարող կապված լինել իշխանությունների վերարտադրման կամ գոյատևման հետ: Կարող են վերաբերել նրան, թե ինչպես պետք է մենք կազմակերպենք անցնցում գործընթացը»- ասաց նա:

Հարցին՝ իսկ եթե իշխանություններն անցնցում չհեռանա՞ն, իրենք ծրագիր ունե՞ն, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ինչո՞ւ եք առաջ ընկնում: Դուք սկզբում կենտրոնացեք անցնցում անցման հնարավորության վրա: Դուք միանգամից մտնում եք ծայրահեղ, անմեղսունակության վարկածի մեջ: Ինչո՞ւ եք քննարկում էն վարկածը, որ իշխանություններն անմեղսունակ են»:

Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հայտարարեց, թե քառյակն է որոշելու օրակարգը, եթե մինչ այդ հայտարարվում էր, որ ժողովուրդն է ձևավորելու օրակարգ, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ընդհանրապես հանրահավաքը ժողովրդի հետ հաղորդակցության և քննարկման, խորհրդակցելու միջոց է:

Դուք նման խորհրդակցության ականատես եղաք վերջին հանրահավաքի ժամանակ, որովհետև ժողովուրդը պասիվ չէր կանգնած, ամեն ինչին տալիս էր արձագանք, ժողովուրդն ինքն էր ցույց տալիս, թե իր համար հռետորների ասածի մեջ ինչն է առաջնային, ինչն է ոգևորիչ և ինչն է անհասկանալի: Այնպես որ նման խորհրդակցություն իրականում տեղի ունեցել է, կարող է դուք դա չեք նկատել, բայց տեղի ունեցել է և դա էլ որոշել է օրակարգը»: Նա հավելեց, որ այդ հայտարարության նպատակը «ինքնագլուխ» խմբերի վնասակար գործունեությունը բացառելն է:

Մեկ այլ հարցի` արդյոք Գագիկ Ծառուկյանի հետ խնամիական կապերի պատճառով հանրահավաքում չհնչեցվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը և չշեշտադրվեց նրա ձախողումը, ՀԱԿ անդամը պատասխանեց, որ երբ միայն վարչապետի մասին են խոսում, իրենց մեղադրում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում, թե «պլանկան իջեցրել են», բայց հենց Հովիկ Աբրահամյանի մասին չեն խոսում, պարզվում է, «իրեն խնայում ենք»: Զուրաբյանը սա զավեշտալի է համարում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031