Հոկտեմբերի 13-ը Աղետների եւ ռիսկերի նվազեցման միջազգային օրն է: Թեմային անդրադառնալով՝ այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր, ՀԳԾ ազգային համակարգող Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ այս օրը եւս մեկ առիթ է հանրությանը իրազեկելու, թե ինչ ռիսկեր կան աշխարհում եւ ինչպես կարելի է նվազեցնել եւ պայքարել դրանց դեմ:
Գեներալ-մայորը իր խոսքում նշեց, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը մեծ ներդրում ունի աղետների եւ ռիսկերի կանխարգելման գործընթացում. «Ամբողջ աշխարհում աղետների քանակը օրեցօր շատանում է եւ ավելի ծանր են դառնում դրանց հետեւանքները: Հայաստանի ԱԻՆ-ը մեծ ձեռքբերումներ ունի եւ դրա մասին է վկայում այն, որ բոլորովին վերջերս ՄԱԿ-ը կարճ ժամանակում Հայաստանը ճանաչեց հենց աղետների եւ ռիսկերի նվազեցման համար որպես լավագույն փորձի եւ ձեռքբերումների երկիր»:
Պրն Գրիգորյանը նշեց, որ ԱԻՆ աշխատակիցներին երբեմն անվանում են «արտակարգ եւ չլիազորված դեսպաններ», որոնք օգնության են հասնում ոչ միայն Հայաստանում, այլեւ հարեւան երկրներում եւ տարբեր այլ հեռավոր երկրներին. «Մեր փրկարարները օգնության ձեռք են մեկնել ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Իրանին, ե՛ւ Ռուսաստանին՝ անտառային հրդեհները մարելու համար, նաեւ Հնդկաստանին՝ մեծ ցունամիի ժամանակ: Կուզենամ արձանագրել, որ ԱԻՆ-ի շնորհիվ այսօր Հայաստանը այն Հայաստանն է, որը նախկինում օգնություն եւ փրկարարություն էր ներմուծում, իսկ հիմա այն արտահանում է»:
Պրն Գրիգորյանը օրվա կապակցությամբ առանձնացրեց նաեւ 2010 թվականին Աղետների եւ ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի ստեղծումը, որի մեջ ներգրավված են բոլոր նախարարությունները եւ գերատեսչությունները, հասարակական եւ միջազգային կազմակերպությունները:
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ