Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «Արցախի սահմանին մաքսակետը ձեւական բնույթ կունենա»

Հոկտեմբեր 13,2014 15:12

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր «Անալիտիկ» ակումբում մեկնաբանելով հոկտեմբերի 10-ին Հայաստանի՝ Եվրասիական Տնտեսական Միության անդամակցության պայմանագրի ստորագրումը, նշեց, որ այդ համաձայնագրի արդյունքում Հայաստանը փոխեց իր տնտեսական զարգացման ուղղությունը. «Հայաստանը հայտնվեց մի այնպիսի տարածքում, որը այս պահի դրությամբ ունի տնտեսական զարգացման թույլ տեմպեր՝ պայմանավորված Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով»:

Սակայն, տնտեսագետի խոսքով, անդամակցությունը կարող է դրական հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման համար. «Այստեղ մենք գործ ունենք նաեւ ասիական զարգացող երկրների հետ: Նույն Չինաստանը, Հնդկաստանը իրենց դրական աճի տեմպերով կարողանալու են նպաստել այս տարածաշրջանի զարգացմանը: Նույնիսկ ճգնաժամի ժամանակ այս երկրները անկում չեն ունեցել: Դրանք 6 տոկոս տնտեսական աճ են տարեկան ունենում: Նույնը կարելի է ասել Ղազախստանի տնտեսության մասին, որը տարեկան 7 տոկոս տնտեսական աճ է գրանցում»:

Բանախոսը չի ժխտում այն հանգամանքը, որ Հայաստանը այս պարագայում կարող է ինքնուրույնությունից զրկվել: Նա այն կարծիքին է, որ պետք է տեղական արտադրանքի արտահանման համար պայմաններ ստեղծել, եւ նվազեցնել ներմուծման ծավալները:
Аravot.am-ի հարցին, թե Արցախի տնտեսվարողների համար ի՞նչ բացասական ազդեցություն կարող է ունենալ Արցախի եւ սահմանին տեղադրվող մաքսակետը, Վիլեն Խաչատրյանը պատասխանեց, որ դա զուտ տեխնիկական գործընթաց է. «Բնականաբար, անգամ տեղադրվելու պարագայում, դա ֆիկտիվ մաքսակետի բնույթ կունենա, այլ ոչ թե իրական»: Դիտարկմանը, իսկ եթե մաքսակետն իրոք տեղադրվի եւ չունենա ֆիկտիվ բնույթ, տնտեսագետը վստահաբար հայտնեց, որ զիջումներ չեն լինի:

Հայաստանի եւ Եվրամիության հետ հարաբերություններին անդրադառնալով, տնտեսագետը նշեց, որ Եվրոպայի համար Հայաստանը թիրախային երկիր է. «Այս տեսանկյունից Եվրոպայի մոտեցումը մենք առաջիկա վեց ամիսների ընթացքում կզգանք, մակրոտնտեսական ցուցանիշները դա ցույց կտան: Այնուամենայնիվ, մենք բավականին փոքր տնտեսություն ունենք եւ նման փոքր տնտեսության հանդեպ Եվրոպայի արտահայտած մոտեցումները այդքան խիստ չեն լինի: Մենք Ուկրաինայի պես հսկա շուկա չենք, որպեսզի նման բանավեճերի առիթ հանդիսանանք»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031