Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Հոկտեմբեր 13,2014 14:26

Երևանցիներ, խնդրում եմ քննարկել առաջարկս և կարծիքներ հայտնել

Երևանի տոնն արդեն անցավ: Ինչպես իր ֆբ էջում իրավացիորեն նկատել էր
լրագրող և փաստաբան իմ բարեկամը, այն ավելի շքեղ էր կազմակերպված, քան
Հայաստանի անկախության տոնի օրը: Տեսնես ո՞վ է անկախության տոնի տերը:
Երևանի փողոցներն այս օրերին իսկապես մարդաշատ էր և ուրախ: Առաջին անգամ
սոցիալապես խիստ անապահով երևանցիները Երևանի տոնի առթիվ ստացան տարբեր
կենցաղային ու համակարգչային ապրանքներ (50 մլն. քաղաքապետարանի
սոցիալական ծրագրերի բյուջեից): Որոշ երևանցիներ ստացան բնակարաններ, որի
համար շնորհավորում եմ նրանց, բայց անձամբ շատ ավելի ուրախ կլինեի, եթե
մի բնակարան էլ ստանար երկար տարիներ անօթևանների կացարանում 80-ամյա
մոր հետ ապրող 35-ամյա Գարեգին Կալաջյանը, ով իմ միջոցով նամակ է
ուղարկել Երևանի քաղաքապետին:

Երևանի տոնից առաջ ես 10 օր Տավուշում էի: Ժողովուրդը շատ տխուր էր ու
տարբեր մարդկանց հետ հանդիպումների ժամանակ նրանք շեշտում էին, որ իրենք
անուշադրության են մատնված, ամեն ինչ արվում է Երևանի համար, մարզերի
քաղաքներին ու գյուղերին կառավարության կողմից հատկացված գումարները չնչին
են և իրենց երեխաները զրկված են զբոսայգիներից և զվարճանքի
ամենատարրական օջախներից, չունեն արտադպրոցական կրթություն ստանալու
հնարավորություն, ամեն ինչ կենտրոնացված է Երևանում: Նրանք վիրավորվում են
կառավարության այս ակնհայտ խտրական քաղաքականությունից: Ես էլ եմ
վիրավորվում այդ վերաբերմունքից, մարզերում, հատկապես սահմանամերձ
գյուղերի ժողովուրդն արժանի է պետական լուրջ հոգածության, ներդրումների
այնպիսի քաղաքականության, որի արդյունքում գյուղացին ավելի կկառչի իր
բնակավայրին, այնինչ կառավարության այսօրվա քաղաքականությունը
տեղահանության քաղաքականություն է, գյուղերը դատարկվում են, ինձանից լավ
գիտեք:

Ըստ քաղաքապետարանի հայտարարությունների, տոնի վրա ծախսվեց մոտավորապես
200 մլն դրամ, ընդ որում, Երևանի բյուջեից՝ 120-130 մլն, իսկ մնացածը՝
տարբեր գործարարների ներդրումներն են:

Մի՞թե ավելի խելացի չենք լինի, եթե Երևանի ծնունդը նշենք կլոր
տարեթվերին՝ 5 տարին մեկ, իսկ ամեն տարվա քաղաքապետարանի բյուջեից
ծախսվող այդ գումարով լուծենք անօթևանների, սոցիալապես անապահով
ընտանիքների և երիտասարդ ընտանիքների բնակարանների հարցերը: Կամ այդ
գումարից Երևանի տոնի առթիվ ամեն տարի մի սահմանամերձ գյուղին որևէ
նշանակալի նվեր անենք: Հիմա կասեք դա Երևանի բյուջեն է, իհարկե հասկանում
եմ, բայց ցանկության դեպքում այդ նպատակով գումարը տրամադրելու համար
ձևը կարելի է գտնել:

Երևանի քաղաքապետին ուղղված այս հրապարակային առաջարկս դնում եմ
քննարկման:

Կցում եմ նաև անօթևան Գարեգին Կալաջյանի նամակը՝ ուղղված Տարոն
Մարգարյանին.

Հարգելի քաղաքապետ
Ձեզ գրում է 1995 թվականից անօթևան դարձած Գարեգին Կալաջյանը,:
Շնորհակալություն եմ հայտնում Երևանի տոնի առթիվ ստացածս այփադի համար,
զգացված եմ, բայց մի մեծ խնդրանք ունեմ:
Արդեն երկար տարիներ դեգերում ենք ես և մայրս : Հիմա գտնվում ենք
անօթևանների Վարդաշենի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի
ժամանակավոր կացարանում: Ունեմ նաև կին, ով կույր է և երկրորդ կարգի
հաշմանդամ ու իր տարեց մոր հետ ապրում է ինձանից հեռու՝ ծերանոցում
և իմ կարիքը շատ են զգում իրենք: Կնոջս մայրն էլ 80 տարեկան
է և սրտից հիվանդ : Խնդրում ենք Ձեզ, որ մեր ընտանիքին տեղ հատկացնեք,
որ կարողանանք ապրել:

Հարգանքներով՝ Գարեգին Կալաջյան
Հարգանքներով՝
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031