Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. «Ռասպուտինին» լսելով…

Հոկտեմբեր 13,2014 17:00

Երբ պրագմատիզմը զիջում է «գաղափարախոսությանը»

Լեոնիդ Բրեժնեւը, երբ կենսունակ ղեկավար էր, լսում էր Ալեքսեյ Կոսիգինի եւ Նիկոլայ Բայբակովի կարծիքը: Խորհրդային երկրի վարչապետը եւ Պետպլանի ղեկավարը խորացած չէին գաղափարախոսության մեջ, մասնագետներ, պրագմատիկներ էին: Կոսիգինը նույնիսկ ծրագրեր ուներ բարեփոխելու, «շուկայականացնելու» խորհրդային տնտեսությունը՝ դանդաղ, զգուշավոր եղանակով: Սակայն այդ բարեփոխումները տապալվեցին հենց գաղափարախոսական պատճառներով:

Բորիս Ելցինն իր պաշտոնավարման առաջին շրջանում լսում էր Գայդարին եւ Չուբայսին: Այսօր երեքի մասին էլ հեքիաթներ են պատմում՝ «երկիրը քանդելու» թեմայով, բայց իմ կարծիքով՝ նրանց բաժին հասավ հենց քանդված երկիր, իսկ անդունդը հաղթահարել հնարավոր չէ երկու թռիչքով՝ առանց ցավոտ, «շոկային միջոցների» հարցը չէր լուծվի: Գիտեմ, այս հարցի շուրջ կարելի է ամիսներով վիճել: Տվյալ դեպքում դա չի կարեւորը: Ասածս այն է, որ Ելցինը նույնպես լսում էր մասնագետների կարծիքը:

Վլադիմիր Պուտինին պրագմատիկ մասնագետների կարծիքը չի հետաքրքրում: Ալեքսեյ Ուլյուկաեւը եւ Գերման Գրեֆը ընդդիմադիրներ չեն, «ազգի դավաճաններ» չեն, նրանք հենց Պուտինի կողմից նշանակված պաշտոնյաներ են՝ տնտեսական զարգացման նախարարը եւ Կենտրոնական բանկի նախագահը: Այդ մասնագետները զգուշացնում են, որ Ռուսաստանի տնտեսությանը սպասվում են, մեղմ ասած, լուրջ փորձություններ՝ ռուբլին թուլանում է, նավթը՝ էժանանում:

Այդ՝ անզեն եւ ոչ մասնագիտական աչքի համար ակնհայտ իրողությունները պետք է որ հուշեն երկրի առաջին դեմքին, որ անհրաժեշտ է վերանայել խելահեղ կայսերական գաղափարների վրա հիմնված քաղաքականությունը, որ Խորհրդային Միությունը կամ ռուսական կայսրությունը վերականգնելու հավանականությունը նույնքան է, որքան բյուզանդական կայսրությունը կամ արաբական խալիֆաթը (այն կողմերում էլ այսօր ոչ ադեկվատ խմբավորումներ կան):

Բայց Ռուսաստանի ղեկավարը լսում է ոչ թե պրագմատիկ մասնագետներին, այլ Ալեքսանդր Դուգինին՝ ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի վերջին թագուհին լսում էր Գրիգորի Ռասպուտինին: Նույն՝ «ոգու» մասին մշուշոտ գաղափարները, նույն ռուսական առանձնահատկությունների վերաբերյալ մերկապարանոց պնդումները:

«Գաղափարախոսություն»՝ մի խոսքով: Ընդ որում, ի տարբերություն խորհրդային գաղափարախոսության, որը Եվրոպայից եկած կոմունիստական գաղափարների ծայրահեղ դրսեւորումն էր, այս մեկը ինչ-որ անհասկանալի, իռացիոնալ պնդումների հավաքածու է: Երբ թագավորը ղեկավարվում է գաղափարախոսությամբ եւ ոչ թե սթափ հաշվարկներով, վերջը լավ չի լինում:

Աստված պահի Ռուսաստանը: Մենք այստեղ ամենեւին շահագրգռված չենք այդ երկրի թուլացմամբ, առավել եւս՝ փլուզմամբ: Բայց մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, պետք է քննարկենք այդ սցենարները, ինչպես նաեւ մտածենք այն «պահեստային օդանավակայանների» մասին, որոնք հնարավոր կլինի գործարկել՝ մեր բարեկամ երկրի «կոլապսի» դեպքում: Դրանք, ըստ էության, երկուսն են՝ Իրան եւ Եվրոպա:
Իհարկե, ԵՏՄ մտնելը էապես սահմանափակել է մեր՝ մանեւրելու հնարավորությունը: Բայց դա այլ խոսակցության թեմա է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. davit says:

    Պ-ն Աբրահամյան. Ձեր շատ դիպուկ ասված միտքը,Ռասպուտինի վերաբերյալ,որ նրան լսում էր թագուհին,այլ ոչ թագավորը,նշանակում է Ձեր խոր իմացությունը քաղաքական պատմությանը:Բայց երբ նայում ենք պատմության էջերին այն ցույց է տալիս, ու ՌԴ-ն,իր ձևավորումից սկսած ավելի վատթար իրավիճակի մեջ է եղել,ու որպես կանոն ավելի է ծավալվել:Քանի անգամ են ողջ եվրոպայով հարձակվել Ռուսների վրա անգամ Մոսկվան գրավեցին,բայց վերջը էլի Ռուսներն են գրավում Բեռլինը,Փարիզը:Համոզված եմ,Դուք դա գիտեք ինձնից լավ;Բայց ինչու եք<> ՌԴ-ին, երբ պայքարը ընդանում է հենց ՌԴ-ի օգտին:Փիղը ընկնելուց շատ բան է ոչնչացնում>>ասում է չինական առածը,:Ինչ հարկավոր ՌԴ-ի կործանումը նախապատրաստել Հ.Հ-ում: Եվրիկա//ես այն համոզմանն եմ եկել,որ 1-ն աշխարամարտը սկսվեց Թուրքիայի մասնատումը թույլ չտալու համար ի օգուտ հայերի:Ասում եմ թե 3-դը մեզնից չսկսվի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031