«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած եռյակի հանրահավաքի վերաբերյալ այսօր հայտարարություն հրապարակեց:
«Հանրահավաքի հարթակից շեշտվեց, որ ոչ իշխանական ուժերը հրապարակ եկած քաղաքացուն վերապահում են երկրորդական դեր՝ նրան զսպելով քաղաքական գործընթացների վրա իրական ազդեցություն ունենալուց:
Հանրահավաքը կազմակերպած ոչ իշխանական ուժերի անունից բաց տեքստով Սերժ Սարգսյանի վարչախմբին առաջարկվեց սակարկել քաղաքական իշխանության բաժանման շուրջ:
Նման մոտեցումն անընդունելի է «Քաղաքացիական պայմանագիր» միավորման համար: Մեր գնահատմամբ՝ հենց այսպիսի գործելակերպն է ընկած Հայաստանի երրորդ հանրապետության ձախողումների հիմքում: Սրա հետեւանքն է նաեւ Հայաստանը ԵՏՄ մաս դարձնելու Սերժ Սարգսյանի վարչախմբի որոշումը, ինչը դե ֆակտո արժանացավ ոչ իշխանական ուժերի հավանությանը:
«Քաղաքացիական պայմանագիր» միավորումը դատապարտում է այս գործելակերպը՝ այն համարելով սպառնալիք ՀՀ սահմանադրական կարգի հիմունքներին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը առաջնային է համարում հանրային քաղաքական նոր օրակարգի եւ դրա շուրջ քաղաքական նոր հարթակի ձեւավորումը: Այս նպատակով անհրաժեշտ ենք համարում ընդլայնել քննարկումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այս գնահատականները կիսող ոչ իշխանական ուժերի, Արցախի ու սփյուռքի ակտիվ անհատների հետ: Այդ գործընթացում, «Քաղաքացիական միավորումն» իրեն դիտարկում է հավասարներից մեկը եւ միտված չէ իրեն վերապահել առաջնային, որոշիչ «դերակատարում»՝ միաժամանակ պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը Հայաստանում հաստատված խորհրդային ճգնաժամը հաղթահարելու գործում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ