«Ուրախալի է, որ ինքը տնային կալանքում է գտնվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի՝ խափանման միջոցը փոխելու հարցի մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարեց քննիչների միջնորդությունը, և Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի:
Արա Աբրահամյանը շարունակում է պնդել, որ Լևոն Հայրապետյանն անմեղ է ու նշում, թե դրա բացահայտման համար ժամանակ է պետք: Ըստ նրա՝ Ռուսաստանի հայերի միության մասնակցությունը գործի իրավական կողմին անմիջական է. «Մենք տվել ենք մեր երաշխավորությունը նրա համար՝ որպես գործարար և բարերար, որպես ճանաչված հայերից մեկը»:
Պարոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ այժմ Լևոն Հայրապետյանը տանը համապատասխան բուժում է անցնում, ստանում իրեն անհրաժեշտ դեղերը: Նա ևս մեկ անգամ շեշտեց. «Ես առաջին օրվանից ասում եմ՝ նրա մեղքը չեմ տեսնում, ժամանակ է պետք, որ քննությունը դա պարզի: Քննչական մարմինները զբաղված են այդ գործով, մենք բոլորս էլ կտեսնենք, որ սխալվել են»:
Արա Աբրահամյանն ասաց, որ Լևոն Հայրապետյանին աջակցելու գործում համագործակցության հարցով դիմել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ըստ Արա Աբրահամյանի՝ խնդիրը քաղաքական չէ, այլ գտնվում է ավելի տնտեսական դաշտում:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ