Ընթերցողի սեղանին է Թաթուլ Մանասերյանի նոր աշխատությունը՝ «Տնտեսական անվտանգություն. ռազմավարության ուրվագծեր»: Այն հեղինակի գրեթե երկու տասնամյակի գիտական ուսումնասիրությունների արդյունք է: Գրքում վերլուծության առարկա են ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից՝ երկրի տնտեսական անվտանգության ապահովման ռազմավարության հիմնահարցերը, ներառյալ ազգային շահերը, պետության դերը՝ համարժեք ռազմավարության մշակման և կիրարկման գործում:
Առանձնահատուկ կարևորվում են մարդու կենսագործունեությանն առնչվող սպառնալիքները, որոնք առնչվում են նրա կենսապահովմանը, սպառողական զամբյուղին, աղքատությանը, սոցիալական ոլորտին, ժողովրդագրական ռիսկերին, ներառյալ արտագաղթը, անպտղությունը, բնակչության «ծերացումը», «ուղեղների արտահոսքը»:
Տնտեսական սպառնալիքներն առանձին վերլուծության առարկա են ինչպես միկրո մակարդակում, հաշվի առնելով դրանց հնարավոր անդրադարձերը ապրանքների և դրանք արտադրող ձեռնարկությունների մրցունակության, ներդրումների, նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների կիրառման և մտավոր ներուժի օգտագործման վրա, այնպես էլ ողջ տնտեսության մասշտաբով և համապետական, համազգային շահերի տեսանկյուններից:
Միաժամանակ, ներկայացվում են տնտեսական անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ինչպես նաև տնտեսական սպառնալիքների դեմ պայքարում գլոբալ համագործակցության հեռանկարները:
Իր գիտական և գործնական ուղղվածությամբ գիրքը նախատեսված է փորձագետների, գործարարների, երկրի օրենսդիր և գործադիր մարմինների, և դինամիկ փոփոխվող աշխարհում Հայաստանի տնտեսական խնդիրներով մտահոգ լայն շրջանակների համար:
Կարդացեք նաև
Հ.Գ. Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում: Սկիզբը՝ ժամը 15:00-ին: