Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյանն ընդունո՞ւմ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր ԲՀԿ-ի հարցում

Հոկտեմբեր 13,2014 13:04

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը` ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու մասին, ՀԱԿ դաշինքի շատ ուժեր չընդունեցին ու միայն ԲՀԿ-ի հետ այդ «սիրախաղի» պատճառով հեռացան Կոնգրեսից:

Aravot.am-ը ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանից հետաքրքրվեց՝ այսօր,երբ տեսնում ենք, որ Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Ազատության հրապարակում է եւ շարժում է նախաձեռնում, կարո՞ղ ենք ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունն ամբողջությամբ արդարացված է:

Sos-Gimishyan-e1353575729580

Սոս Գիմիշյանը պատասխանեց, որ նախ, իրենք չեն առանձնացել ՀԱԿ-ից, այդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է առանձնացել՝ ՀՀՇ-ի հետ. «Ինչ վերաբերում է շարժմանը, ես չէի ուզենա հիմա գնահատական տալ եւ իմ գնահատականներով ինչ-որ չափով խոչընդոտեի այդ գործընթացին, որն իրենք սկսել են: Որովհետեւ ամեն դեպքում, անկախ նրանից, թե ես ինչպես եմ վերաբերվում այն մարդկանց, որոնք հարթակում են գտնվում հիմա, ես գտնում եմ, որ ժողովուրդն ակտիվանում է, փորձում է իր իրավունքների համար պայքարել, եւ ես դա խիստ դրական եմ գնահատում: Ամեն դեպքում, չի լինում պայքար, որ անիմաստ է: Այլ բան է, թե ես ինչպես եմ վերաբերվում քաղաքագիտական այդ մոտեցումներին: Ակնհայտ է, որ մենք այն ժամանակ դրա դեմ արտահայտվեցինք, ասացինք, որ դա ծուղակ, հեռանկար չունեցող ճանապարհ է: Այդտեղից էլ առաջացավ այդ խորը ճգնաժամը, որն ի վերջո բերեց ՀԱԿ կուսակցությունների միավորման փլուզմանը: Մոտեցումս պահպանվել է, բայց ես կարեւորում եմ գործընթացը: Ժողովուրդը եկել է հրապարակ մեծամասամբ ոչ թե նրանց համար, ովքեր հարթակում են կանգնել, այլ որովհետեւ երկրում կան լուրջ պրոբլեմներ, որը պետք է լուծել: Ժողովուրդն այդ լուծումները իշխանափոխության մեջ է տեսնում, արմատական փոփոխությունների մեջ է տեսնում: Բոլորի համար ակնհայտ է, որ այսօրվա քաղաքական էլիտան՝ լինի դա իշխանական, ոչ իշխանական, թե ընդդիմադիր, խորը ճգնաժամի մեջ է: Այսօրվա քաղաքական էլիտան ժողովրդին լավ բան չի կարող առաջարկել: Այդ իսկ պատճառով կարեւորում եմ ժողովրդի ակտիվությունը: Բոլոր նրանք, ովքեր կնպաստեն դրան, կհամարվեն դրական: Պայքարը շատ կարեւորում եմ, որ ժողովուրդն ակտիվ լինի, դիմադրողականությունը մեծանա, ցույց տա իր գոյության մասին: 95 տոկոսը հստակ ընդդիմադիր կեցվածք ունի, եւ բացարձակ մեծամասնությունը համոզված է, որ պետք է փոփոխություններ լինեն: Ես ավելի լավ որակի փոփոխության կողմնակից եմ»:

Մեր հարցին՝ այս շարժումը հաջողությամբ կպսակվի՞ ըստ Ձեզ, թե՞ հերթական անգամ ժողովրդին հիասթափություն է սպասում՝ Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Այն, որ արդեն հաջողվել է բավականին լուրջ քանակի ժողովուրդ հավաքել՝ արդեն դա հաջողություն է: Արդեն Հայաստանը մեկ այլ վիճակում է, քան թե 1 օր առաջ: Չեմ ուզում խոսել այն քաղաքական դեմքերի մասին, չեմ ուզում խանգարել: Թող իրենք անեն: Ես համոզված եմ, որ ժողովուրդն այդ խնդիրը կլուծի, եւ 2 տարվա մեջ երկիրը նորմալ հունի մեջ կընկնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031