Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ չի լինի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2014 12:23

«Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացը դեռ չի ավարտվել, դեռ կատարված փաստ չէ»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթի մասին`ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, Հայաստանը հաղթահարեց մի կարեւոր փուլ, բայց դեռ երկու կարեւոր փուլ էլ պիտի հաղթահարենք`անդամ երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի, խորհրդարանների կողմից վավերացում, ապա այդ երկրների նախագահների կողմից վավերացում: Գագիկ Մինասյանը չի կարծում, որ դա ձեւական փուլ է, քանզի մտավախություն ունի, որ ադրբեջանական լոբբին կփորձի ակտիվ աշխատել դրա դեմ, ինչպես անում է եվրոպական կառույցներում: Ամեն դեպքում, ըստ բանախոսի, հիմա շատ ավելի հստակ կարելի է կանխատեսել գործընթացի ավարտը, քան նախորդ փուլերում:

Հարցի քաղաքական ասպեկտին անդրադառնալով, Գագիկ Մինասյանը կարեւոր համարեց այն իրողությունը, որ վերջին հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը կարծես դադարեցրեց իր ըմբոստանալը: «Նախորդ գագաթաժողովներում նա բավականին անհանդուրժող էր վերաբերվում Հայաստանի անդամակցությանը, բայց կարեւոր մի փաստ էլ կա, ամփոփիչ արձանագրություններում որեւէ ձեւակերպում դա չէր ունենում»,- ասաց բանախոսը`հավելելով, որ ամեն դեպքում, Նազարբաեւի ըմբոստության գործընթացի տրամաբանական ավարտը հոկտեմբերի 10-ին էր եւ եթե Նազարբաեւների ըմբոստացումներն այն ժամանակ Ալիեւից հեռավորության վրա էին լինում, փաստաթղթի ստորագրումը Ալիեւի աչքի առջեւ եղավ:

«Տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում չափազանց կարեւոր է ունենալ հստակ հարաբերություններ`աշխարհի ուժային կենտրոններից մեկի հետ: Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների տեսակետից ես դա շատ եմ կարեւորում»,- ասաց իշխանության ներկայացուցիչը`վստահեցնելով. «Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ չի լինի»: Նա ի դեպ, կարեւորեց նաեւ այն, որ ՀԱՊԿ-ի ղեկավարն առաջին անգամ այցելեց հայաստանաղարաբաղյան սահման:

Գագիկ Մինասյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն մշտապես ամենաբարձր մակարդակով դա ասել է ու առաջիկայում արդեն ականատեսը կլինենք: Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Նազարբաեւը խոսեց այն մասին, որ ի վերջո փոխզիջումների հաշվին հնարավոր եղավ համաձայնության գալ ու հետաքրքրվեց ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը եւ ո՞ւմ միջեւ է փոխզիջում եղել: Գագիկ Մինասյանն ասաց, որ իր տեղեկությունը նույնն է, ինչ որ լրագրողներինը ու ինքը միայն կարող է ուղղակ ենթադրություններ անել:

Հարցի տնտեսական հատվածին վերաբերվող դիտարկումների մասին` տեսանյութում

 

Անդրադառնալով հայաստանյան պաշտոնյաների այն հավաստիացումներին, որ Հայաստանը զուգահեռաբար նաեւ եվրոպական ասոցացման ուղղությամբ է ջանքեր գործադրելու, բանախոսը նկատեց, որ սա, ըստ էության, «եւ-եւ» սկզբունքի նախերգանքն է ու իշխանությունը կարողացավ եվրոպացի գործընկերներին հավատացնել, որ «կամ-կամ»-ի սկզբունքը չափազանց վտանգավոր ու անհեռանկար է, ինչի հետեւանքները այսօր տեսնում ենք Ուկրաինայում:

«Եվ Հայաստանի, եւ Վրաստանի համար կարեւոր է, որ տարածաշրջանում երկու քրիստոնեական ժողովուրդները միմյանց համար խնդիրներ չստեղծեն: Վրացի պաշտոնյաների հետ իմ հանդիպումներից ու զրույցներից ես տպավորություն ունեմ, որ հավելյալ խնդիրներ չեն լինի: Նաեւ`վրաց-ռուսական հարաբերություններն ավելի իրատեսական ու ռացիոնալ դաշտ են անցնում, ինչը մեր շահերից է բխում»,- ասաց Գագիկ Մինասյանը`պատասխանելով այն հարցին, թե ի՞նչպես պետք է զարգանան հայ-վրացական հարաբերությունները, մանավանդ, որ դեպի ԵԱՏՄ Հայաստանի ճանապարհն անցնում է ոչ եվրասիական Վրաստանով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031