Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում սպասում են Գագիկ Ծառուկյանի ելույթին

Հոկտեմբեր 13,2014 16:00

Հովհաննես Սահակյանը լուրջ չի վերաբերվում
Լեւոն Զուրաբյանի տված ժամկետին

«Քանի որ ԲՀԿ առաջնորդը ոչինչ չասաց, կասի հաջորդ անգամ, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ բոլոր հարցերի պատասխանները հաջորդ անգամ տանք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` պատասխանելով հարցին` երեկ եռյակի հանրահավաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոստացավ հաջորդ հանրահավաքում ելույթ ունենալ եւ տալ բոլոր հարցերի պատասխանները. սա սպառնալի՞ք է ՀՀԿ-ական իշխանության համար:

Անդրադառնալով մյուս առաջնորդների` Րաֆֆի Հովհաննիսյանի եւ, մասնավորաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանի` «ավգյան ախոռները» մաքրելու մասին հերթական ելույթին՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Կարծես թե որեւէ նորություն չկար, դեռ 2007-08 թվականներից նույն տոնայնությունն ու շեշտադրումը լսում ենք: Ոչինչ չի փոխվել: Փոխվել են միայն բեմահարթակում կանգնած որոշ մարդիկ: Չեմ կարծում, որ այլեւս մեկնաբանությունների կարիք ունեն պարբերաբար հնչող արտահայտություններն այն մասին, որ իշխանությունները պետք է հեռանան:

Կարծում եմ՝ նաեւ իրենք են հիասթափված. եկել էին այլ սցենարով` չստացվեց: Այսքանը: Շատ ասելիք չկա, քանզի որեւէ բովանդակային բան չհնչեց, հետագա քայլերի առումով որեւէ բան չասվեց, որեւէ ծրագրային գիծ առաջ չքաշվեց, որ պարզաբանումներ տանք»: Հովհաննես Սահակյանն արձանագրում է, որ Հայաստանի ռազմավարական եւ դրական հեռանկարի առումով հոկտեմբերի 10-ը նշանավորվեց մեկ իրադարձությամբ` Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցությամբ:

Դիտարկմանը` ամեն դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իշխանություններից ողջամիտ առաջարկների են սպասում, այլապես կհետեւեն Սերժ Սարգսյանի օրինակին եւ գրողի ծոցը կուղարկեն իշխանությանը, Հովհաննես Սահակյանը հակադարձեց. «Հորդորում եմ մեկ անգամ եւս վերընթերցել Տեր-Պետրոսյանի նախկին ելույթները եւ համոզվել, որ որեւէ շեշտադրման կամ բառերի տեղաշարժ չկա: Ընդամենը մեկ-երկու էպիզոդ է փոխվել: 2007-ից մեկնաբանում ենք, էլ ի՞նչ մեկնաբանենք»:

«Մենք առաջարկում ենք իշխանության փոխանցման խաղաղ ճանապարհ: Իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է հրապարակային համաձայնության գան ժողովրդավարության վերականգնման ճանապարհային քարտեզի շուրջ, այն է՝ հրաժարվել սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագրից, ընդդիմության վերահսկողությամբ նախապատրաստել պետական ընտրական համակարգը ազատ եւ արդար ընտրությունների համար եւ սեղմ ժամկետում ձեւավորել Հայաստանում լեգիտիմ իշխանություն: Այդ ճանապարհով շարժվելու համար Հայաստանի իշխանություններին կտանք մի քանի օր ժամանակ»,- երեկ Ազատության հրապարակում հայտարարեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Առավոտի» հարցին` իշխանությունը պատրաստվո՞ւմ է ականջալուր լինել, Հովհաննես Սահակյանը հեգնանքով հիշեց ՀՀԿ-ի ծանր հրետանին հանելու մասին իր հայտարարությանը Լեւոն Զուրաբյանի հակադարձումը պարսատիկների մասին ու հավելեց. «Քանի որ Լեւոն Զուրաբյանը դեռեւս պարսատիկներով է խաղում, մտաբերում է իր մանկության պարսատիկը, լուրջ չեմ համարում իր հայտարարությունները: Իշխանություններին ժամանակ տալու մասին թող խոսեն ավագները»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031