Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի մասին զեկույցը, ստրասբուրգյան գործուղման հաճույքը եւ ընդդիմադիր պատգամավորները

Հոկտեմբեր 13,2014 15:30

Մարգարիտ Եսայանը՝ ի պաշտպանություն գործընկերուհու

«Եկեք պայմանավորվենք, որ չի կարելի ամեն մի քննադատություն, առավել եւս՝ իրականությունից կտրված, համարել քննադատություն եւ մեկնաբանել, ինքս հակված չեմ այդ կարգի անհիմն եւ ուղղորդված քննադատությանն անդրադառնալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը` պատասխանելով հարցին, թե ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, կարծես, անհաջող էր ՀՀ ԱԺ պատվիրակության համար, ըստ էության՝ ԵԽԽՎ-ում որոշում է կայացվել զեկուցող նշանակել մի պատգամավորի, ով հայտնի է իր պրոադրբեջանական տրամադրություններով, իսկ զեկույցի թեման առավել քան խոսուն է, սուր քննադատություն հնչեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հասցեին. արդյոք պատվիրակության ղեկավարը լավ չի՞ աշխատել:

Այնուհանդերձ՝ տիկին Եսայանը մի քանի շեշտադրում արեց. «Նախ՝ չկա դեռ ոչ մի զեկույց, կա որոշում զեկույց կազմելու մասին, եւ ընտրվել է մեկը, ով պետք է զբաղվի այդ զեկույցով: Սա՝ ի գիտություն բոլոր նրանց, ովքեր կոկորդ պատռելով խոսում են ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարի անհաջողության մասին: Երկրորդ՝ իսկ ինչու են մոռանում, որ պատվիրակությունը միայն ղեկավարը չէ, այդ պատվիրակության կազմում են իրենք իրենցից շատ գոհ (հաճախ՝ անհիմն) ընդդիմադիր պատգամավորներ, որ այնտեղ գրավոր ելույթներ են ունենում եւ վերադառնալով Հայաստան՝ ներկայանում են առյուծի սիրտ կերածներ: Եթե անգամ ինչ-որ բան այնպես չի եղել, դա եղել է նաեւ այդ պատգամավորների մեղքով, եւ հետո՝ ո՞վ ասաց, որ Ստրասբուրգ գործուղման հաճույքը վայելելուց հետո նրանք իրավունք ունեն Հայաստանում պատվիրակության ղեկավարին պախարակել: Դա ոչ միայն քաղաքական սխալ է, այլեւ մարդկային նկարագրի խնդիր»:
Ինչ վերաբերում է Հերմինե Նաղդալյանի անձին, տիկին Եսայանն ասաց. «Իսկ քանի՞ պատգամավոր ունի միջազգային կառույցներում աշխատելու նրա փորձառությունը, այդ կառույցներում գործող մեխանիզմների իմացությունը:

Բացի այն, որ տարիներով Հերմինե Նաղդալյանը եղել է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ, երկու տարուց ավելի նույն ԵԽԽՎ-ում ղեկավարել է տնտեսական հարցերի հանձնաժողովը, Հայաստանում միակ քաղաքական գործիչն է, որ ԵԽԽՎ-ի պատվավոր անդամ է: Ի վերջո՝ Հերմինե Նաղդալյանը ընդամենը վերջերս է դարձել պատվիրակության ղեկավար»: Մարգարիտ Եսայանը հիշեցնում է, որ զեկույց դեռ չի գրվել, չկա ոչ մի զեկույց, ու վստահեցնում է, որ որպես ԵԽ լիիրավ անդամ՝ կարող ենք եւ ձեռնարկելու ենք բոլոր միջոցները՝ այդ զեկույցը տապալելու եւ չեզոքացնելու համար: «Սա նույնպես պայքար է, եւ թեպետ մենք չունենք ադրբեջանական նավթադոլարները, բայց ունենք կամք եւ ցանկություն եւ կարող ենք չեզոքացնել ցանկացած քայլ, որը կվնասի Ղարաբաղի հարցի խաղաղ, բանակցային լուծմանը:

Ու ամենակարեւորը՝ քաղաքականությունը գործընթաց է, մենք, չգիտես ինչու, այդ գործընթացը հատվածավորում ենք, առանձնացնում ինչ-որ օղակ ու համապատասխանաբար կամ ողբ ու անեծք բարձրացնում, կամ հրճվում՝ մոռանալով, որ գործընթացը շարունակվում է, ու պետք չէ ոչ մի տեղ կանգ առնել-մնալ: ԼՂՀ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային ասպարեզում միայն այդ ձեւաչափն է ընդունվում իբրեւ հարցի լուծման հարթակ: ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԵԽԽՎ-ն, Եվրախորհրդարանը ու մյուս բոլոր կառույցները իրենց բանաձեւերով, զեկույցներով ու չգիտեմ էլ ինչով հարցի լուծման վրա գործնական ոչ մի ազդեցություն չունեն ու չեն կարող ունենալ: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը դեռ բազում հնարավորություններ է ունենալու Ադրբեջանին սիմետրիկ ու ասիմետրիկ պատասխան տալու, պետք չէ լռվել-մնալ մի իրադարձության վրա, պետք է առաջ նայել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Ն. Գ.

«Առավոտ» օրաթերթ
11.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Անձի անձնական հատկանիշներն ու գործնական կարողությունները տարբեր բաներ են: Հատված երկու կանանց զրույցից, -” Ախչի, բայց դե մաքուր սիրտ տղա ա, ինչ անենք”:

  2. Գայանե says:

    Կարելի է վերնագրել <>

  3. Գայանե says:

    Կարելի է վերնագրել մի հատուկ տեսակի սրտի մխիթարանք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031