Վերջերս Ազգային ժողովի մատույցներում տեղի ունեցավ «Բարև, Ռոբ» ակցիան, որի նպատակն էր հիշեցնել տարիներ առաջ «Պապլավոկում» տեղի ունեցած սպանությունը, որի հեղինակն էր Քոչարյանի թիկնազորի անդամներից մեկը, որը, փաստորեն, անպատիժ մնաց:
«Բարև, Ռոբ» ակցիան անշուշտ յուրօրինակ արձագանք էր Քոչարյանի վերադարձի թեմայի և ուղղակիորեն էր կապված երկրորդ նախագահի վերջին շրջանի ակտիվության հետ: Սա, իհարկե, իմ համեստ կարծիքն է, որը, համոզված եմ, շատերը կկիսեն: Այսուհանդերձ, այլ կարծիքներ էլ կային, և այլ կարծիքներից մեկն էլ այն էր, որ «Բարև, Ռոբ» և նմանատիպ այլ ակցիաների նախաձեռնողը «Սերժի մարդիկ են», որոնք այս և այլ ձևերով փորձում են կանխել երկրորդ նախագահի վերադարձը: Հետաքրքիրն այն է, որ այսպիսի կարծիք հայտնողները հիմնականում նրանք են, ովքեր ուրիշ ժամանակ պնդում էին թե` «Ռոբն ու Սերժը նույն մարդն են, և իրականում նրանց մեջ որևէ հակասություն չկա և չի էլ կարող լինել»:
Եթե մի պահ նույնիսկ համաձայնվենք, որ Քոչարյանի դեմ կազմակերպված այդ ու այլ ակցիաների կազմակերպիչները «Սերժի մարդիկ են», նույնիսկ այդ դեպքում պիտի ինքներս մեզ հարց տանք. «Պապլավոկի» դեպքի հիշեցումը լա՞վ է, թե` վատ: Եթե «Սերժի մարդիկ» դեմ կամ կողմ լինեն, պարտավոր չե՞նք հիշել Պողոս Պողոսյանի սպանությունը: Ինչպես նաև` հոկտեմբերի 27-ը: Ինչպես նաև` մարտի 1-ը: Եվ այլն:
Մարդուն հիշողություն է տրված, որպեսզի հիշի. ոչ միայն լավ բաները, այլև վատերն էլ: Եվ եթե Քոչարյանն ու նրա խոսնակները երկրորդ նախագահի տիրապետության ժամանակաշրջանից միայն ու միայն լավ բաներ են հիշում, դա ևս կարելի է հիշողության կորուստ անվանել: Ընդ որում` միանգամայն լիարժեք կորուստ: Կամ` օբյեկտիվության կորուստ: Որովհետև եթե մարդ արարածը միայն իր արած լավ բաներն է հիշում և վատերը մոռացության է մատնում, կնշանակի` տվյալ արարածն առնվազն ինքնասիրահարված եսասեր է: Կապ չունի` տվյալ անձը նախկի՞ն նախագահ է, թե` վերստին գործելու պատրաստ նախկին նախագահ:
Կարդացեք նաև
Կան նաև դիտորդներ և լսորդներ, որոնք անկեղծորեն զարմանում են Քոչարյանի` վերստին նախագահ դառնալու ցանկության վրա:
Մեզ մնում է զարմացողների վրա զարմանալ: Մի՞թե զարմացողները չգիտեն, որ Հայաստանի հանրապետության ամենաեկամտաբեր պաշտոնը դեռևս նախագահի պաշտոնն է: Միթե զարմացողները չեն հասկանում, որ Քոչարյանի տիպի անձնավորությունը, եթե մի անգամ արդեն համտեսել է տվյալ պաշտոնի համն ու ողջ հմայքը, չի կարող տվյալ պաշտոնին վերադառնալու մասին չմտորել ու չմտմտալ:
Այսուհանդերձ, ոմանք, մանավանդ ընդդիմադիրներից ոմանք խիստ կասկածանքով են վերաբերվում Քոչարյանի վերադարձի հնարավորությանը: Նրանք հայտարարում են, որ մեր ժողովուրդը ոչ մի դեպքում դա թույլ չի տա:
Հետաքրքիր ժողովուրդ են մեր ընդդիմադիրները: Ուրիշ դեպքերում ու մշտապես հայտարարում են թե` Հայաստանում արդար ընտրություններ տեղի չեն ունենում և ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվում, մինչդեռ Քոչարյանի վերաբերյալ համոզված են, որ ժողովուրդը ոչ մի դեպքում նրան թույլ չի տա իշխանության վերադառնալ:
Այսպես մտածողները մոռանում են, որ արդեն երկու անգամ ժողովուրդը դեմ է եղել Քոչարյանին և ընտրել է Դեմիրճյաններին, բայց երկու դեպքում էլ Քոչարյանը հաջողացրել է իշխանության գալ: Նաև մոռանում են, որ պատմությունը, երբեմն նաև կրկնվելու հատկություն ունի: Մանավանդ որ` այս պահին երկրորդ նախագահը ոգևորության կարիք կարծես թե չի զգում:
Շատերը սխալմամբ կարծում են թե` Քոչարյանը երկրպագուներ ու սպասողներ չունի:
Քչերն են, իհարկե, ակնհայտ պաշտպանում երկրորդ նախագահին: Շատերը դիմակավորված ու դիրքավորված սպասում են հարմար պահի, որպեսզի Քոչարյանի հանդեպ իրենց համակրանքն արտահայտեն:
Այնպես որ, Քոչարյանի հարցն այնքան էլ միանշանակ ու պարզ չէ` որքան թվում է:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
Լուսանկարը՝ «Հայկական ժամանակի»