Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գտնում է, որ եթե Գագիկ Ծառուկյանը
շատ ակտիվանա, որոշ ԲՀԿ-ականներ կենթարկվեն «վրաերթերի»
«Առավոտ»-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանին հարցրեց՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալով՝ ի՞նչ կշահի ժողովուրդը, մի՞թե այդ դեպքում մի օլիգարխին չենք փոխարինի մեկ այլ օլիգարխով: Ի պատասխան մեր հարցի՝ քաղաքագետն ասաց. «Այստեղ խնդիրը հետեւյալն է, թե մի օլիգարխի կառավարման տարիները ինչո՞վ պետք է տարբերվեն մյուս օլիգարխի կառավարման տարիներից: Հարցը օլիգարխը չէ, հարցն այն է, որ նոր անձը, որը ուզում է դառնալ երկրի ղեկավար, ինչպիսի՞ քաղաքականություն կվարի ներքին, արտաքին եւ ամենակարեւորը՝ սոցիալական ոլորտում: Լիբանանը ունեցել է այնպիսի վարչապետ, ինչպիսին էր արաբական աշխարհի ամենահանրաճանաչ, ամենահարուստ դեմքերից մեկը՝ Ռաֆիկ Հարիրին, բայց Լիբանանի բնակչությունը միշտ դրական է հիշում այդ վաղամեռիկ քաղաքական գործչի կառավարման տարիները, որովհետեւ նա ծաղկեցրեց Լիբանանը: Իսկ մենք Հայաստանի պարագայում տեսնում ենք, որ իշխանություննեը հովանավորում են մի քանի օլիգարխի, որոնք լցնում են իրենց գրպանները, իսկ ժողովրդի սոցիալական վիճակը գնալով վատթարանում է:
Իշխանությունները խոսում են ամորֆ թվերից. միջին աշխատավարձից, միջին թոշակից, որը բուտաֆորիա է, չկա այդպիսի բան: Բացի դրանից՝ եթե ուշադրությամբ եք հետեւել, Ծառուկյանը կամաց անցել է քարոզարշավի: Ինքը իր հարցազրույցում արեց քարոզարշավի իր առաջին հայտարարությունը՝ եթե ինքը դառնա նախագահ, շատ կարճ ժամանակաշրջանում ժողովուրդը կզգա շատ մեծ փոփոխություններ՝ դրական իմաստով: Սրանով արդեն կարելի է ասել, որ քարոզարշավը սկսվել է»: Մի՞թե Գագիկ Ծառուկյանն է Սերժ Սարգսյանի այլընտրանքը՝ մեր հարցին քաղաքագետը պատասխանում է, որ այդ այլընտրանքի մասին թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանը պիտի մտածեին դեռեւս 2013 թվականին: «Եթե ընդդիմադիր խարիզմատիկ քաղաքական գործիչները՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, ի դեմս Գագիկ Ծառուկյանի կամ նույն Դաշնակցություն կուսակցությունից որեւէ մեկի առաջադրվեին 2013 թվականի նախագահական ընտրություններում, երկրում այս իրավիճակը չէր լինի: Հանրապետականն այսօր չէր հայտարարի, որ իրենից ուժեղ ոչ մեկը չկա: Թվարկածս լիդերները կտրուկ թուլացան, հիմա նոր սկսել են ակտիվանալ ընտրություններից մեկուկես տարի հետո: Եթե չկա նորմալ ընդդիմություն, իշխանությունը լճանում է, բայց ընդդիմությունն էլ իր ռեսուրսները պիտի նորմալ օգտագործի, ոչ թե տանի ժողովրդին աղոթելու: Դրանով ժողովուրդը ավելի է հիասթափվում»,- ասում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Եթե ԲՀԿ առաջնորդն արդեն չի թաքցնում նախագահի պաշտոնի իր հավակնությունների մասին, ավելին՝ հանրահավաքներ է անցկացնում, չի՞ սկսվի արդյոք նրան ու նրա թիմին, այսպես ասած, մշակելու գործընթաց, թե՞ Գագիկ Ծառուկյանը վախենալու ոչինչ չունի, որովհետեւ իր բիզնեսը նաեւ դրսում է: «Պարտադիր կսկսվի, դա նորություն չէ: Ճիշտ է՝ Ծառուկյանը հայ շատ օլիգարխների պես Հայաստանի տարածքից դուրս բիզնես ունի, բայց դա չի նշանակում, որ նա զերծ կմնա հետապնդումներից: Գագիկ Ծառուկյանի շատ ակտիվանալը կհանգեցնի նրան, որ շատ ԲՀԿ-ականներ կենթարկվեն թեթեւ վրաերթերի: Խոսքս այս պահի մասին է, եթե Գագիկ Ծառուկյանը շատ ակտիվանա, իշխանությունները չեն գնա բացեիբաց առճակատման, քանի որ դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ նրանց համար: Նրանք այդ դեպքում, կոպիտ ասած, կգազազացնեն ընդդիմադիր մասսաներին: Եվ դա կարող է շատ հակառակ արդյունք ունենալ նրանց համար: Հիմա իշխանավորները կարող են թեթեւ վրաերթերի միջոցով առանձին-առանձին բոլոր ԲՀԿ-ականների վրայով անցնել: Մի քանի ամիս առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը սկսեց ակտիվանալ, այդպիսի փորձեր եղան. սկսեցին տնտեսագիտական համալսարանի դեկաններից մեկի, որը պատգամավոր է հիմա, հեռախոսազրույցները գաղտնալսել եւ հրապարակել մամուլում, սկսեցին հանել մութ անցյալ ունեցող պատգամավորների տվյալները եւ այլն: Դա իշխանությունների ձեռագիրն է, եւ բոլոր տեղերում է այդպես, ոչ միայն Հայաստանում: Դա համարյա բոլոր տեղերում օգտագործվում է, եւ մեր իշխանություններն էլ օգտվում են, որովհետեւ ունեն իշխանություն, ունեն ուժ, ունեն հնարավորություն: Պարզ է, որ նրանք հեշտությամբ չպիտի հանձնեն իրենց իշխանությունը ու դառնան ընդդիմություն»,- ասում է Գագիկ Համբարյանը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.10.2014
Հիանալի է, փաստորեն երկիրը լինելու է, նախագահն էլ վերադի*ր:Հետաքրքիր է հայեցին: