Անտուն մարդուն պատասխանել են՝ սոցիալապես անապահով
ընտանիքներին բնակարանով ապահովելու որեւէ ծրագիր չունենք
«Ուզում եմ բիզնեսմեն դառնալ, որ կարողանամ մեզ համար մեծ տուն գնել, մայրիկիս համար էլ՝ ավտոմեքենա». սա 12-ամյա Կառլենի երազանքն է: Կառլենը հատուկ սարքի օգնությամբ է լսում, տեսողական խնդիրներ ունի, ինչի հետեւանքով էլ հաշմանդամության կարգ ունի: Երեխան ընտանիքի հետ բնակվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սվաճյան 12 հասցեում, վարձակալված բնակարանում: «Վերջին վիրահատությունից հետո երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Բժիշկներն ասում են, որ ուշագնաց լինելու պատճառը թերսնումն է, պետք է կալցիումով հարուստ սնունդ օգտագործի՝ մսամթերք, կաթնամթերք, միրգ, բայց ինչպե՞ս, եթե չենք կարողանում անգամ օրվա հացի խնդիրը լուծել»,- ասում է ընտանիքի մայրը՝ տիկին Աղավնին։ Այս ընտանիքի միակ եկամուտը Կառլենի հաշմանդամության թոշակն է եւ հոր աշխատավարձը, որը, չնայած առողջական մի շարք խնդիրներին, Մալաթիա շուկայում օրավարձով բանվոր է աշխատում:
«Փորձում է օրվա հացի գումարը վաստակել, բայց օրական 2 հազար դրամով չի կարողանում անգամ մինիմալ ծախսերը հոգալ: Արդեն մի քանի ամիս է՝ էստեղից-էնտեղից ենք պարտք անում, որպեսզի կարողանանք տան վարձը վճարել»,- սրտնեղած պատմում է տանտիկինը: Ըստ նրա՝ բնակարան ստանալու համար տասնյակ անգամներ գրավոր դիմել են կառավարություն, քաղաքային իշխանություններին: Անտուն ընտանիքին պատասխանել են՝ սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու որեւէ ծրագիր չկա։ Տիկնոջ համոզմամբ՝ եթե մի փոքրիկ անկյուն ունենային, Կառլենին կկարողանային գոնե կիսով չափ վերադարձնել լիարժեք կյանքի: Տիկին Աղավնին պատմում է, որ նախկինում Կառլենը խնդիրներ է ունեցել հասակակիցների հետ: Ինչպես երեխայի մայրը պատմեց, նրանք խուսափել են շփվել տղայի հետ՝ պատճառաբանելով, թե նա չի լսում:
«Շատ անգամներ է նեղված եկել տուն, բացատրել եմ, հորդորել, որ ուշադրություն չդարձնի, բայց երեխա է, ինքն էլ շատ լավ հասկանում է վիճակի լրջությունը: Կարծում եմ, որ այս ամենը ընտանեկան սխալ դաստիարակության հետեւանք է: Եթե ծնողն իր երեխային բացատրի, որ չպետք է խտրականություն դնել ընկերների մեջ, երեխաներն ավելի հեշտ իրար հետ կշփվեն՝ առանց վեճերի, կոնֆլիկտների»,- ասում է տիկին Աղավնին: Չնայած հաշմանդամությանը՝ Կառլենը կենսուրախ եւ անմիջական անձնավորություն է: Մեզ հետ զրույցում պատմեց, որ սիրում է ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել: Կառլենը, մասնավորապես, ֆուտբոլի եւ հատկապես Հայաստանի հավաքականի մեծ երկրպագու է: Նա բաց չի թողնում ոչ մի հանդիպում սիրելի ֆուտբոլիստի՝ Հենրիկ Մխիթարյանի մասնակցությամբ:
ՊԵՐՃՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.10.2014