Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի բախտ. վերջը

Հոկտեմբեր 13,2014 14:00

Անխուսափելիի հետ աստվածներն էլ չեն վիճում:
Պիտակոս Միտիլենացի

Ճակատագիրը կհաղթի մեզ, եթե մենք ինքներս չհաղթենք նրան:
Լուցիոս Սենեկա

Ահա ուրեմն, Նոյի տապանի ամենաուղիղ ժառանգը՝ մեր պատմության նավը դեգերելով տարածության եւ ժամանակի անհունում, եկավ հասավ XX դար: Այդ դարում տեղի ունեցավ մեր ժողովրդի ամենամեծ դժբախտությունը՝ ցեղասպանությունը, ստեղծվեց առաջին անկախ հանրապետությունը, որը կործանվեց՝ մասնատվեց Սովետական Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ: Բայց լենինյան ազգային քաղաքականությունը մի նվեր տվեց հայերին ու կայսրության մի քանի այլ ժողովուրդների՝ սահմանափակ պետականության իրավունք, եւ կործանված անկախ Հայաստանի ավերակների վրա ստեղծվեց Սովետական Հայաստանը, որի պատմական ու իրավական հաջորդն է մեր նոր Հայաստանը:

Հայի բախտը միշտ հալածել է Հայաստանը, եւ ոչ միայն հայերին, այլեւ Հայաստանին տիրողներին: Հապա նայեք՝ Ասորեստան, Խեթական կայսրություն, ո՞ւր են: Չկան: Տիրեցին Աքեմենյան պարսիկները՝ եկավ Ալեքսանդր Մակեդոնացին ու կործանեց նրանց: Տիրեցին Մակեդոնացու հաջորդ Սելեւվկյանները՝ անհետ կործանվեցին: Տիրեց Հռոմը՝ կործանվեց: Տիրեցին Պարթեւաստանը եւ Սասանյան Իրանը՝ կործանվեցին: Տիրեց Բյուզանդիան՝ կործանվեց: Տիրեցին արաբները՝ հիմա, բաժանված տասնյակ պետությունների, իրար միս են ուտում: Տիրեցին աշխարհակալ մոնղոլները՝ հիմա ո՞ւր են՝ պարփակված իրենց հայրենի դժբախտ անապատներում: Տիրեցին աղ- եւ կարա-կոյունլուները՝ ընդհանրապես չկան:
Հայաստանի հողերի վրա ներկայումս մի քանի երկիր է իշխում: Սկսենք արեւելքից:
Ադրբեջան: Մի երկիր, մեջը լիքը նավթ ու գազ, ինչքան ծախես, չի պակասի: Աներեւակայելի հարստություն: Հզոր դեմոգրաֆիա՝ տղամարդիկ ու կանայք գիշերները չեն հանգստանում՝ զբաղված են բազմացմամբ (բնակչությունն արդեն մոտենում է տասը միլիոնի)… Հարեւան Իրանի սահմանակից մասը բնակեցված է նույն լեզվով խոսող ժողովրդով, այսինքն՝ հեռանկարում միավորվելու եւ կրկնակի ու քառակի մեծ ու հզոր երկիր դառնալու շանսեր կան: Բայց ոչ, կռվեցին հայերի հետ, լրիվ իզուր, պարտվեցին, ու մինչեւ հիմա վերքերը լիզելով ատելություն են քարոզում մեր դեմ:

Իրան: Փառավոր հնադարից ու դարավոր միջնադարյան խավարից հետո XX դարում մի պահ, մինչեւ 1979 թ. քաղաքակրթության ճանապարհը բռնած զարգացող երկիր էր: Այդ թվից՝ հեղափոխություն, «իսլամական հանրապետություն», կրոնական հիմար ֆունդամենտալիզմ, դաժան պատերազմ հարեւան Իրաքի դեմ, ապա՝ թշնամություն ամբողջ քաղաքակիրթ մարդկության եւ հատկապես աշխարհի հզորների դեմ:
Վրաստան: Մի չքնաղ երկիր, ուրախ ու անդարդ, քեֆչի եւ ողջ աշխարհին համակրելի բնակչությամբ: Անկախանալով՝ թշնամացան իրենց նախկին մեծ եղբայր Ռուսաստանի հետ ու նույնիսկ պատերազմեցին նրա դեմ մի քանի օր: Արդյունքում՝ երկրի երկու կարեւոր մարզ՝ Հարավային Օսիան ու Աբխազիան, կորցրեցին: Հիմա նրանց նախկին նախագահը, գտնվելով դատի տակ, ուկրաինացիներին կոչ է անում իրենց արյունով փրկել աշխարհը ռուսական իմպերիալիզմից:

Հայաստան: Սա հայերի երկիրն է, հայի բախտի գերագույն խտացման կիզակետը: Անկախությունից առաջ՝ երկրաշարժ, հետո՝ պատերազմ, կիսապատերազմական վիճակ, շրջափակում, սոցիալական ահավոր վիճակ, գործազրկություն, արտագաղթ, ճգնաժամ, լեգիտիմության, ինչպես եւ ամեն լավ բանի դեֆիցիտ եւ ամեն վատ բանի ավելցուկ…
Թուրքիա: Դինամիկ զարգացող, աշխարհի ամենահզոր բանակներից մեկն ունեցող երկիր: Հիանալի դեմոգրաֆիա (բնակչությունը մոտենում է ութսուն միլիոնի)… Բայց պատմական հայկական հողերում բնակչության մեծամասնությունը՝ քուրդ, մի ժողովուրդ, որը տիրում է թուրքերից ավելի հզոր դեմոգրաֆիայի եւ ներկայումս փորձում գտնել իր ազգային ինքնությունն ու անկախություն նվաճել: Հայկական պատմական հողերից թուրքերն արտագաղթում են, իսկ քրդերն այնտեղ բազմանում են եւ հզորանում:

Այսպիսով, ոչ մի տիրող էլ չի խերվել հայկական հողերից:

Երբ Ռուսաստանը գրավեց Արեւելյան Հայաստանը, կայսր Նիկոլայ I-ին հատուկ խորհուրդ տվեցին, որ Մասիս-Արարատը մտցնի կայսրության կազմ: Մարդկության օրրանը եւ տարածաշրջանի ամենաբարձր գագաթը, կարծում էին, որ հեղինակություն էին բերելու կայսրությանը: Հետո՝ անձամբ տեսնելով իր զորքի գրաված Երեւանի բերդը, նա այն անվանեց «կավե կճուճ» կամ նույնիսկ «գիշերանոթ» (չՏՐՔՏՍ), այնքան խղճուկ էր թվացել նրան այն: Նա չտեսավ Մասիսը՝ եղանակն ամպամած էր, եւ իր օրագրում գրեց, որ Մասիսն էլ բաց թողեց ռուսական կայսրին տեսնելու իր շանսը:

Նրա ծոռ Նիկոլայ II-ը, կրոնախեւ մի մարդ, համաշխարհային պատերազմի արնավառ 1916 թ. արշավախումբ է գործուղում Մասիսի գագաթը՝ Նոյի տապանը հայտնաբերելու: Այն երեւի նոր ուժ եւ կորով պիտի տար ռուսական քաջարի զորքին չար թշնամիների եւ հեղափոխականների դեմ պայքարում: Եվ ահա, մեկ տարի չանցած, կայսրությունը կործանվեց: Դա, ինչպես ամեն մի փոփոխություն, նորանոր աղետներ բերեց Հայաստանին ու հայ ժողովրդին: Ախր ո՞ւր ես խցկվում, այ ձերդ մեծություն, այ Նիկոլայ Ալեքսանդրովիչ, այ Կոլյա, ի վերջո…

Ռուսաստանին փոխարինած Սովետական պետությունն ապրեց մոտ յոթանասուն տարի: Քսանական թվականների սկզբից, համաշխարհային, ապա՝ քաղաքացիական պատերազմից կործանված երկիրը կարողացավ, հրեշավոր զոհերի ու կորուստների գնով, զարգանալ, հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում եւ դառնալ աշխարհի երկրորդ գերտերությունը: Ոչ միայն ռազմականապես, որով միշտ էր հզոր, այլեւ գիտությամբ եւ տեխնիկայով: Մի բան, որին երբեք չէին հասել ռուսական հզորագույն կայսրերը: Երկրի հարստությունն աներեւակայելի էր, զարգացման հեռանկարները՝ բացառիկ: Նույնիսկ քաղաքական հակառակորդ, ականավոր ու տաղանդավոր Ջոն Քեննեդին էր կարծում, որ Սովետն իր հարյուրամյակին՝ 2017-ին, կգերազանցի ԱՄՆ-ին եւ կդառնա աշխարհի առաջին երկիրը:

Բայց… Եկավ 1988-ը: Հայերը, օգտվելով գորբաչովյան «դեմոկրատացումից» եւ «վերակառուցումից», այսինքն՝ կարգերի որոշ մեղմացումից, սկսեցին պահանջել Ղարաբաղը, հետո՝ անկախություն: Դեմոկրատացման համն ու անկախության հոտն ընկավ ողջ ԽՍՀՄ-ում, հատկապես համեմատաբար առաջադեմ ազգային հանրապետություններում՝ Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Վրաստան… Սկսվեցին ընդհարումներ, կռիվներ եւ այլն, ի վերջո՝ ՍՍՀՄ-ը փլուզվեց:

Հայ քաղաքական միտքը շատ լավ գիտե, որ ՍՍՀՄ-ի կործանումը սկսվել է Հայաստանից: Որ պատճառը մենք ենք: Քաղաքական գզվռտոցի շրջանակներում այդ հարցը շատ չի շեշտվում՝ եթե մեկն ասում է «մենք փլեցինք Սովետը», մյուսը պիտի ասի՝ «դուք ո՞վ եք, արա՛, երկիրն արդեն ինքն իրեն կործանվում էր», կամ՝ «հզոր ուժեր էին գործում, մենք՝ հեչ», կամ՝ «սիոնա-մասոնական խաղեր են դրանք, մենք՝ գործիք»:

Բայց ոչ բարեկամներ: Հիմնական պատճառը մեկն է՝ հայի բախտ: Այստեղ է թաղված շան գլուխը: Ոչ ոք չի կարող խուսափել դրանից, եթե տիրում է հայերին կամ Հայաստանին: Միայն մենք ենք, որ կարող ենք ապրել ու գոյատեւել մեր երկրում, մեր բախտի հետ:

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.10.2014

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031