Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Ավելի շատ իմ սկզբունքներն ու հայացքներն էին արտացոլվում»

Հոկտեմբեր 13,2014 13:00

Տիգրան Ավետիսյանը հիշում է «Առավոտում» աշխատած իր տարիները

«Առավոտի» մասին մշտապես բարձր կարծիք եմ ունեցել՝ որպես հետաքրքիր, ինքնատիպ, լրատվական դաշտում նոր, թարմ խոսք բերած թերթ: Ես իսկապես ցանկություն ունեի «Առավոտում» աշխատելու: Արամն էլ աշխատանք առաջարկեց, մի տեսակ երկկողմանի ստացվեց»,- ասում է «Ազատություն» ռադիոկայանի ռադիոհաղորդումների խմբագիր Տիգրան Ավետիսյանը:

«Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» հոբելյանական շարքում այս անգամ զրուցել ենք նրա հետ:

Պատմում է, որ օրաթերթում սկսեց աշխատել 2003 թվականից, իսկ մինչ այդ աշխատել էր բազմաթիվ լրատվամիջոցներում. «Հայք», «Հայաստանի Հանրապետություն» թերթերում, եղել է «Ժամանակ» (Հանրապետական կուսակցությանը պատկանող) թերթի խմբագիրը, աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում, թղթակցել է IWPR (Institute for War and Peace Reporting)-ին եւ այլ հանրապետական թերթերին:

«Իսկ մինչ «Առավոտում» աշխատանքի ընդունվելը՝ «Օրրանում» էի աշխատում, որը մեկ տարվա կյանք ունեցավ: Դա գործում էր Րաֆֆի Հովհաննիսյանի կենտրոնում: Այն ժամանակ դեռ «Ժառանգություն» կուսակցությունն էլ չկար: Խմբագիրը լուսահոգի Այդին Մորիկյանն էր: Աշխատում էի այդտեղ մի քանի այլ հայտնի լրագրողների հետ, որոնցից մեկը Մելանյա Բարսեղյանն է՝ դարձյալ «առավոտցի»: Թերթը փակվելուց անմիջապես հետո ես տեղափոխվեցի «Առավոտ»,- պատմում է Տիգրան Ավետիսյանը: Ասում է՝ օրաթերթում միջազգային բլոկի պատասխանատուն էր, հետեւում էր հատկապես այն իրադարձություններին, որոնք այս կամ այն կերպ աղերսվում էին մեր իրականության հետ կամ կարող էին ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի վրա. նաեւ երբեմն ներքաղաքական կյանքի մասին պատմող հրապարակումներով էր հանդես գալիս: «Շատ հաճախ գրում էի խմբագրականներ: Իսկ «Առավոտում» խմբագրական գրելը նշանակում էր, որ առնվազն գլխավոր խմբագրի վստահությունը պետք է վայելես: Իսկ այդ վստահությունը ես վայելում էի: Խմբագրականները կարող էին ցանկացած թեմայով լինել՝ եւ արտաքին, եւ՛ ներքին քաղաքական թեմաներով, ե՛ւ անգամ մշակութային ու սպորտային»,- ասում է պարոն Ավետիսյանը, հիշում, մի «գրոտեսկային խմբագրական», որը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին էր: Ֆուտբոլ նա շատ էր սիրում, իսկ մեր հավաքականը լավ խաղով չէր փայլում.«Խմբագրականում այդ ծաղրանքը ինձ հաճույք չէր պատճառում, ես եւ մեր խմբագրությունում շատերը ֆուտբոլ շատ էինք սիրում, եւ այդ ամենը շատ ծանր էինք տանում…»:

Պարոն Ավետիսյանը նշում է, որ «Առավոտում» լրագրողական ազատությունը մեծ էր, հրապարակումներ պատրաստելիս խմբագրի կողմից խոչընդոտների եւ արգելքների չի հանդիպել: «Ավելի շատ իմ սկզբունքներն ու հայացքներն էին արտացոլվում «Առավոտում», քան հակառակը: Ինձ Արամ Աբրահամյանը չէր ասել՝ սա կարելի է, սա չի կարելի: Հստակ չէր կարելի հայհոյել, վիրավորել կամ մերկապարանոց, չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնել»,- ասում է նա:

Պատմում է, որ «Առավոտում» աղմուկ հանած հրապարակումներ չի ունեցել, որոնք դատավարական եւ այլ քաշքշուկների առիթ դառնան: Միայն նշում է, որ շատ հրապարակումներ մեծ արձագանք էին ստանում, մարդիկ զանգում, գրածի համար շնորհակալություն էին հայտնում: Հիշատակում է նաեւ մի հրապարակում. «Ես, լինելով «Առավոտի» ներկայացուցիչ, Լոնդոնում մասնակցել էի «Ռոյթերսի» «Միջազգային լրագրություն» կոչվող կուրսերին, որոնք հիմնված էին 2003-2004թթ. Զամբիայի նախագահական ընտրությունների վրա: Երբ մենք ուսումնասիրում էինք այդ փորձը, զգում էի, տեսնում էի, որ Հայաստանի ժողովրդավարական իրականությունից Զամբիայի իրականությունը գրեթե ոչնչով չի տարբերվում: Միակ տարբերությունը երեւի աֆրիկյան երկրներին բնորոշ երգուպարերն էին, որոնք ուղեկցում էին ողջ ընտրական գործընթացը. ընտրակեղծիքները, ընդդիմությանը հալածելը, լցոնումները, ընդդիմադիրներին մեղադրելը, որ մեր կեղտոտ սպիտակեղենն ամբողջ աշխարհին ի ցույց եք դնում, ամբողջը նման էր մեր իրականությանը: Այս ամեն ինչով այնքան էի տպավորված, որ երբ եկա, հաջորդ օրն իսկ խմբագրական գրեցի: Շատ անկեղծ գրեցի, դա շատ ապրված էր: Ես խմբագրականում այդ ամեն ինչը նկարագրեցի. Լոնդոնում Զամբիայի ընտրությունները նկարագրելը ուղեկցվում էր ծիծաղով: Խմբագրականիս վերջին նախադասությունը հետեւյալն էր՝ «ինձ թվում էր, որ բոլորն ինձ վրա էին ծիծաղում», որովհետեւ ինձ թվում էր, որ այդ ամեն ինչը իմ մասին է»:
«Առավոտում» շատ առաջադեմ աշխատակազմ էր աշխատում, սրամիտ, միմյանց սիրող մարդիկ. Տիգրան Ավետիսյանի բնորոշումն է: «Առավոտի» բոլոր խնջույքներին միշտ մասնակցել եմ, հիմա էլ շարունակում եմ մասնակցել: Հիշում եմ, որ Ռուզանը Մինասյան միշտ երգիծական քառյակներ էր գրում աշխատողների մասին: Մասնավորապես ամանորյա քեֆերից մեկի ժամանակ կարդաց, ահագին ծիծաղեցինք,- պատմում է նա, ավելացնում,- «Առավոտում» հատկապես խաշկերույթները շատ լավ էին ստացվում»:
«Առավոտից» անմիջապես հետո Տիգրան Ավետիսյանն աշխատանքի է անցնում «Ազատություն» ռադիոկայանում, հիմա նա այնտեղ ռադիոհաղորդումների խմբագիրն է: Ասում է, որ ռադիոկայանում առավոտյան մամուլի տեսություն է անում, եւ «Առավոտը» շատ հաճախ հայտնվում է իր ուշադրության թիրախում:

«Շատ բան «Առավոտում» չի փոխվել, պարզապես հիմա ավելի դինամիկ է դարձել»,- գնահատում է «Առավոտի» աշխատանքը պարոն Ավետիսյանը: Ցանկանում է, որ օրաթերթն ավելի բարեկեցիկ լինի: «Լրագրողներն ավելի շատ գումար ստանան, իրենց ավելի ֆինանսապես ապահով զգան»,- ասում է նա:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031