Հոկտեմբերի 12-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակն ամբողջությամբ վեր էր ածվել գյուղատնտեսական մթերքների հսկա տոնավաճառի, որտեղ հանրապետության բոլոր շրջաններից հայ շինականն իր արտադրած բարիքն էր բերել վաճառքի: Դեռ լուսաբացից առաջ հրապարակն արդեն գեղեցիկ սպիտակ տաղավարներով էր պատված: Յուրաքանչյուր շրջանի տրամադրվել էր համապատասխան տարածք, իսկ տաղավարների վրա գրված էր այն համայնքի անունը, որտեղից բերվել էր գյուղատնտեսական բարիքը: ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանն ասաց. «Ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված են հանրապետության բոլոր շրջաններից մոտ 200 համայնքներ՝ 450-500 մեքենաներով։
Ներկայացված է արցախյան բերք ու բարիքը: Մեր կողմից ֆինանսավորվել են տրանսպորտային բոլոր ծախսերը։ Հաշվի առնելով, որ տրանսպորտային ծախսերը տրամադրում է նախարարությունը, պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի տնտեսվարողները մթերքները վաճառեն շուկայականից ցածր գներով։ Մեր պայմանավորվածությունը պահպանվել է, ինչի մասին փաստում է նաև ժողովրդի մեծ հոսքը»: Ինչպես միշտ, այս անգամ էլ վաճառքի հանված ապրանքի մեծ մասն ապահովել էր Քաշաթաղի շրջանը: Նախօրոք յուրաքանչյուր համայնք ներկայացրել էր հայտ՝ մեքենաների քանակի, բերքի տեսակի ու ծավալի մասին:
Բացի վաճառքի ապրանքից, շրջանն ամեն տարի կազմակերպում է նաև հյուրասիրություն՝ հայկական ավանդական կերակրատեսակներ և գինի: Առավոտվանից շրջվարչակազմի ղեկավարությունը ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ Վերածննդի հրապարակում էր և կարգավորում էին աշխատանքները: Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը հայտնեց, որ այս տարի Քաշաթաղը ներկայացրել է շուրջ 230 ավտոմեքենա՝ 53 համայնքներից։ «Եվ դա այն դեպքում, երբ այս տարի բնական աղետների պատճառով շրջանը բերքի զգալի կորուստներ է ունեցել։ Մեր տաղավարներում հիմնականում ներկայացված են մսամթերք, կաթնամթերք, միրգ ու բանջարեղեն։ Նախապես տնտեսվարողների հետ պայմանավորվել ենք, որպեսզի մթերքները վաճառեն շուկայականից ցածր գնով»։ Տոնավաճառի ընթացքում հրապարակ այցելեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք։ Պարգև Սրբազանը Տերունական աղոթքով օրհնեց տոնավաճառը, մաղթեց, որ Աստված բարեհաճ լինի մեր ժողովրդի, հայ շինականի համար:
Կարդացեք նաև
«Աստված առատորեն օրհնի և շնորհավոր մեր այս տոնը: Թող տարեցտարի ավելի զարգանա մեր երկիրը, պտղաբերությունն ավելանա, ժողովուրդն էլ ավելի ամուր ու երջանիկ լինի, որ մենք հաստատուն ճանապարհով գնանք դեպի հաղթանակ ու անվտանգություն, դեպի առ Աստված», -խոսքն ավարտեց Սրբազանը և Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ պաշտոնական պատվիրակությունը շրջեց տոնավաճառի տաղավարներով՝ ծանոթանալով վաճառքի հանված գյուղմթերքներին և արտադրատեսակներին: Նախագահը զրուցեց վաճառողների, համայնքների ղեկավարների հետ, հետաքրքրվեց արտադրանքների տեսակներով, պայմաններով: Այդ ընթացքում հրապարակի տարբեր մասերում ելույթ էին ունենում տարբեր շրջաններից Ստեփանակերտ ժամանած մշակութային համույթներ, անհատ կատարողներ՝ երգ ու պարո, նվագ։ Երբեմն պաշտոնական պատվիրակությունը կանգ էր առնում՝ դիտելու մշակութային ելույթները: Համերգի համար նախատեսված բեմի վրա ժողովրդական երգ ու պարով հանդես եկան Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» երգու պարի պետական համույթը, այլ խմբեր:
Քաշաթաղի շրջանը ներկայացնում էր Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի պարի խմբակը, որի սաներն իրենց ելույթով ևս մեկ անգամ գերեցին հանդիսատեսին: Շրջելով տոնավաճառում՝ զրուցեցի բարիք արտադրող մեր հայրենակիցների հետ: Եվ վաճառողներն էին գոհ, որ հնարավորություն է ստեղծվել մեծ քանակությամբ և տարբեր տեսակի գյուղմթերք հանել վաճառքի և գրեթե ամբողջությամբ սպառել: Բոլորն էլ շնորհակալ էին կազմակերպիչներից: Գոհ էին նաև գնորդները, ովքեր համեմատած ցածր գներով ավելի որակյալ ապրանք գնեցին: Հույս հայտնեցին, որ այս գեղեցիկ ու կարևոր միջոցառումը կլինի շարունակական:
Զոհրաբ Ըռքոյան