Օպերային արվեստի խթանման չարենցյան
այս բանաձեւն է առաջարկում կոմպոզիտոր Աշոտ Բաբայանը
Վերջին շրջանում ժամանակակից կոմպոզիտորները, այդ թվում՝ Էդվարդ Սադոյանը, Վահրամ Բաբայանը, Երվանդ Երկանյանը, որոնք ստեղծագործում են մեծակտավ երկեր, այս դեպքում՝ օպերա, մեծ խնդրի առջեւ են կանգնում: Ոմանց օպերաների բեմադրություններն Ազգային օպերային թատրոնում հաստատված են մշակույթի նախարարության կողմից, բայց այդպես էլ կյանքի չեն կոչվում: Ինչքան էլ որոշ արվեստագետներ համակարծիք չլինեն այն մտքին, թե դասական արվեստն էլ է հնանում, այնուամենայնիվ, ժամանակը ցույց է տալիս, որ դրանք էլ են սկսում քիչ հետաքրքրել լայն հասարակությանը: Դրա համար էլ եվրոպական օպերային թատրոնները, դասական գլուխգործոցները ներկայացնելուն զուգահեռ, մշտապես համագործակցում են արդի կոմպոզիտորների հետ՝ նոր ներկայացումներ ստեղծելու, դրանով իսկ ներքին շուկան հարստացնելու նպատակով: «Առավոտը» փորձեց հակիրճ, տարբեր տեսանկյունից դիտարկել մերօրյա հայ օպերային արվեստի խթանմանը նպաստող հանգամանքները՝ կոմպոզիտոր Աշոտ Բաբայանի հետ զրույցում: Հատկապես այս կոմպոզիտորի, որովհետեւ մտաբերեցինք տարիներ առաջ ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված կլոր սեղանի ժամանակ անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանի ծանրակշիռ խոսքը նրա «Հարճը» (ըստ Դանիել Վարուժանի պոեմի) օպերայի մասին:
«Եվրոպայում օպերային արվեստը զարգացել ու առաջ է ընթանում շուկայի սկզբունքով. բեմադրում են այն, ինչի պահանջարկն ունի հասարակությունը, ինչը մրցունակ է շուկայում եւ բեմադրության հաջողությունը պայմանավորված է շահութաբերությամբ: Ասում են, օրինակ՝ այսինչ ներկայացումը հաջող էր, որովհետեւ, ենթադրենք՝ 1 մլն ծախսեցինք, 5 միլիոնի շահույթ ստացանք: Կամ՝ այնինչ ներկայացումը չստացվեց, որովհետեւ հազիվ ծախսերը փակեցինք: Մեզ մոտ օպերա բեմադրելու համար հսկայական միջոցներ են ծախսվում, հիմնականում պետբյուջեից: Դրա մի չնչին մասն էլ ետ չի գալիս, բայց ուրախանում ենք, ասելով՝ տեսա՞ք, ի՜նչ լավ բեմադրեցինք… Որովհետեւ շահույթ ստանալու համար պատասխանատվություն կրող կարծես չկա, որովհետեւ խորհրդային ժամանակներից սովորել ենք պետական միջոցները ծախսելուն, իսկ այդ միջոցները նախարարությունը թեպետ դժվարությամբ, բայց տրամադրում է: Ուրեմն էլ ի՞նչ ջանք թափենք փող աշխատելու վրա»,- հայտնեց պարոն Բաբայանը: Մեր զրուցակցի համոզմամբ՝ մինչ նոր ներկայացում բեմադրելն անհրաժեշտ է կատարել տնտեսագիտական խոր հաշվարկ՝ պարզելու համար դրա արդյունավետությունը, շահութաբերությունը, հանդիսատես ունենալու մոտավոր քանակը:
Աշոտ Բաբայանը փաստեց, որ երկար ժամանակ է՝ մեզանում բացակայում է թատրոն-կոմպոզիտոր կապը, ինչի հետեւանքով էլ չեն բեմադրվում նոր ներկայացումներ: Նրա ձեւակերպմամբ՝ «օպերան հեռացել է հասարակությունից, մինչդեռ այն ամենադեմոկրատական արվեստի տեսակն է»: Կոմպոզիտորը հիշեց չարենցյան տողերը՝ «թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շունչը դարձիր…»: Նաեւ նշեց, որ ի տարբերություն Մարիինյան կամ Մեծ թատրոնների, որոնք գործում են ավելի քան 10 միլիոնանոց բազմազգ քաղաքներում եւ ունեն արիստոկրատական ավանդույթներ, այնտեղ կարելի է գտնել մի քանի հազար էլիտար հանդիսատես՝ ապահովելով լեցուն դահլիճներ: Իսկ Երեւանը փոքր քաղաք է, եւ մենք չունենք արիստոկրատական ավանդույթներ: Ուրեմն պետք չէ մեզանում փնտրել էլիտար հանդիսատես, հայտարարելով, թե օպերան էլիտար արվեստ է: «80 տարին բոլորած օպերային թատրոն ունենք, բայց մեր հասարակության գերակշիռ մասի համար, ի տարբերություն շարքային եվրոպացիների, օպերային արվեստը օտար, խորթ եւ անհասկանալի երեւույթ է: Մեր պոտենցիալ հանդիսականը շարքային երեւանցին է: Մենք պետք է նրանց, որոնք հեռու են օպերայից, գրավենք դեպի մեծ արվեստ: Դա հատուկ կրթելով չի լինում՝ ինչպես ոմանք կարծում են: Խորհրդային այդ մեթոդը հնացած եւ ձախողված է: Ժամանակակից երաժիշտը ինքը պետք է գաղափարապես փոխվի եւ ընդառաջ քայլ կատարի դեպի հասարակությունը, որից ձեւավորվում է հանդիսատեսը»,- ասաց պարոն Բաբայանը:
Հետաքրքրվեցինք՝ օրինակ, ժամանակին արդյունք տված եվրոպական ի՞նչ մոդել կառաջարկեր, մեր զրուցակիցը նախ ասաց, թե երբ մեր թատրոնը սկսի համագործակցել ժամանակակից կոմպոզիտորների հետ, որոնք օգտագործելով հայերիս կողմից սիրված երգերը, մեղեդիները, ասենք՝ «Կարմենի», «Բոհեմի», «Տրավիատայի», նոր հայկական օպերաներ ստեղծեն, կսիրվեն մեր հասարակության կողմից, օպերան կդառնա հոգեհարազատ: Դրանից կշահի թատրոնը, քանի որ մեզանում էլ օպերան կդառնա դեմոկրատական արվեստի տեսակ՝ ինչպես Եվրոպայում: Ռեպլիկին՝ ժամանակին այս սկզբունքն էր ընկած Գլյուկի օպերային բարեփոխումների հիմքում, Աշոտ Բաբայանն ասաց. «Հենց Գլյուկը հիմք դրեց գերմանական ազգային օպերային, որը հետագայում զարգացրին Վեբերը, ավելի ուշ՝ Վագները: Մի խոսքով՝ իմ համոզմամբ, գերմանական մոդելն է բնորոշ հայ օպերային արվեստի ներկայիս զարգացմանը, այլ ոչ թե մինչ օրս գործող ռուսականը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.10.2014