Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական երգն ու պարը Կոպենհագենում

Հոկտեմբեր 13,2014 10:54

Հոկտեմբերի 11-ին Կոպենհագենի Նյորեբրոյի մշակութային կենտրոնում (Nørrebro Kulturcentret) հյուրախաղերով հանդես եկավ Թաթուլ Ալթունյանի անվ. Հայաստանի երգի և պարի պետական վաստակավոր անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Ալթունյան, ղեկավար՝ Աշոտ Տիգրանյան): Սա անսամբլի առաջին ելույթն էր Դանիայում, և հանդիսատեսն առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց նրանց:

Դանիայի և Նորվեգիայի Թագավորություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ելույթ ունենալով համերգի սկզբում, օրը բնութագրեց որպես պատմական՝ հաշվի առնելով անսամբլի՝ առաջին անգամ Դանիայում հանդես գալու հանգամանքը: Դեսպանը նաև նշեց, որ Կոպենհագենի այս թաղամասը՝ Նյորեբրոն, հայտնի է որպես մշակութային բազմազանության կենտրոններից մեկը, ուր հայկական արվեստն է ցուցադրվելու որպես այդ բազմազանության կրողներից մեկը:

Թաթուլ Ալթունյանի անվ. անսամբլը հիմնադրվել է 1938թ. հայ խմբավար և մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի ջանքերով. անսամբլի անցած ուղին և նրա հիմնադիր Թաթուլ Ալթունյանի կենսագրությունը, ինչպես նաև հայկական պարի որոշ առանձնահատկություններ ներկայացրեց լոնդոնահայ մենապարուհի Շաքե Մեյջոր Չիլինգարյանը: Իր գոյության 76 տարիների ընթացքում անսամբլը մեծ բարձունքների է հասել: Այն կարևոր նշանակություն է ունեցել նաև հայկական մշակույթը աշխարհում ներկայացնելու հարցում և ջերմ ընդունելության է արժանացել ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա հանդիսատեսի կողմից՝ շնորհիվ հայկական երգերի և պարերի իր յուրօրինակ կատարումների:

Անսամբլի ելույթները, առանց բացառության, խիստ տպավորիչ էին նաև Կոպենհագենում: Ներկայացվեցին տարբեր հայկական երգեր և պարեր, այդ թվում՝ Սայաթ-Նովայի «Աշխարհումս իմն դուն իս», Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից հանրահայտ «Սուսերով պարը», Առնո Բաբաջանյանի «Էլեգիան», ինչպես նաև այլ ժողովրդական պարեր՝ քոչարի, թամզարա, շալախո:

Հայկական երգերի և պարերի այս կատարումները Կոպենհագենում ուղեկցվում էին հանդիսատեսի ջերմ ծափահարություններով: Հարկ է նշել, որ հանդիսատեսի շարքում կային նաև օտարերկրացիներ, ովքեր վայելում էին անսամբլի կատարումները նույն ոգևորությամբ և հաճույքով:

Վերջում անսամբլը հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո կատարեց ծրագրում չնախատեսված պար, որին միացավ նաև հանդիսատեսը՝ այս անգամ բեմում՝ համերգի վերջաբանը դարձնելով հիշարժան:

Անսամբլի ելույթները Եվրոպայում այսքանով չեն ավարտվում. դրանք շարունակվելու են նաև Նիդեռլանդներում, որի մայրաքաղաքում՝ Ամստերդամում, ևս ցուցադրվելու են հայկական երգն ու պարը:

Սոսե Մայիլյան
Կոպենհագեն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031