Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտությունների մերձեցում՝ Բյուրականի աստղադիտարանում

Հոկտեմբեր 13,2014 22:10

Հոկտեմբերի 7-10-ը Բյուրականի աստղադիտարանում կայացավ «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի եւ հասարակության հետ» թեմայով գիտաժողովը, որը նվիրված էր գիտության, մշակույթի եւ մարդկային գործունեության այլ ոլորտներում աստղագիտության դերին եւ տիեզերքից ստացված գիտելիքների միջոցով նշված ոլորտների զարգացմանը:

«Առավոտի» հետ զրույցում Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանն ասաց, որ գիտաժողովին մասնակցել են հայտնի աստղագետներ, ֆիզիկոսներ, կենսաբաններ, քիմիկոսներ, պատմաբաններ, փիլիսոփաներ, հնագետներ, լեզվաբաններ, արվեստագետներ: Արեգ Միքայելյանի խոսքով՝ «Գիտաժողովը անվանվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի եւ հասարակության հետ» եւ մտածված է այնպես, որ հարակից թեմաները քննարկվեն, այսինքն՝ ոչ միայն աստղագիտական, այլեւ այնպիսիք, որոնք ճյուղային գիտություններ են կոչվում՝ պատմաաստղագիտություն, աստղագիտությունը մշակույթում եւ այլն»:

Ըստ Արեգ Միքայելյանի՝ գիտաժողովը, որի կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ Գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ), ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ) եւ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը, հրավիրված են տարբեր մասնագետներ բոլոր ոլորտներից, այդ թվում՝ ակադեմիական ինստիտուտներից, ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներից եւ այլն:

«Սա առաջին փորձն է, դրա համար որոշեցինք սահմանափակվել տեղական մասնագետներով, թեեւ Կոլումբիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ Վրաստանից մասնակիցներ ունենք, չնայած համարում ենք սա տեղական գիտաժողով: Հետագայում՝ նպատակ կա այն դարձնել ավանդական եւ ունենալ միջազգային շատ մասնակիցներ: Այս հետճյուղային, բազմաճյուղային գիտությունների մոտեցումն ամբողջ աշխարհում խրախուսվում է, այսինքն՝ տարբեր գիտությունների մերձեցում է լինում, որի արդյունքում ստեղծվում են նոր հետաքրքիր ծրագրեր, համագործակցություններ, գաղափարներ»,- նշեց Արեգ Միքայելյանը, իսկ հետաքրքիր զեկուցումներից առանձնացրեց Պատմության ինստիտուտից Կարեն Թոխատյանին, որը ներկայացրել է Հայաստանի ժայռապատկերները, Փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանին, Ռոբերտ Ջիջյանին, Մատենադարանի ներկայացուցիչների, լեզվաբանների:

Մեր զրուցակիցը հավելեց, որ հետաքրքիր զեկուցումներ լինելու են նաեւ աստղալեզվաբանության, գիտական տուրիզմի, գիտական լրագրության թեմաներով: Իսկ ընդհանուր առմամբ, ամբողջ գիտաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի աստղագիտական ժառանգությունը, հնագույն աստղագիտությունը, աստղագիտությունը միջնադարում, աստղագիտությունը հնագույն մշակույթներում, էթնոաստղագիտությունը, փիլիսոփայության աստղագիտական հիմքերը, կրոնը եւ աստղագիտությունը, արտերկրային քաղաքակրթությունների հիմնախնդիրը, աստղաբանությունը եւ աստղագուշակությունը, աստղագիտության կիրառական նշանակությունը, աստղաինֆորմատիկան եւ աստղավիճակագրությունը, աստղագիտությունը բանահյուսությունում եւ պոեզիայում, արվեստում, նաեւ աստղալեզվաբանությունը, գիտական տուրիզմը, գիտական լրագրությունը, սիրողական աստղագիտությունը, աստղագիտական կրթությունը եւ հանրամատչելի աստղագիտությունը թեմաները: Մասնակիցների թիվը շուրջ 64-ն է:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031