Մասնակցեցին Տավուշի 4 տարածաշրջանների շախմատիստներ:
Հոկտեմբերի 11-12-ը Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր գյուղի մշակույթի տանը կայացավ Արմիկ Աղբալյանի հիշատակին նվիրված շախմատի 4-րդ մրցաշարը:
Արմիկ Աղբալյանը, որը մահացել է 3 տարի առաջ, 73 տարեկան հասակում, մարզասեր անձնավորություն էր: Հուշամրցաշարին մասնակցեցին Դիլիջան, Նոյեմբերյան, Իջեւան, Բերդ քաղաքներից, Ջուջեւան եւ Աչաջուր գյուղերից 7-16 տարեկան 45 շախմատիստ: Մրցաշարի մասնակից տղաները եւ աղջիկները մրցեցին տարիքային 4 խմբերում:
Առաջնության մասնակիցները այցելեցին Աչաջրի գերեզմանատուն, ծաղիկներ դրեցին Արմիկ Աղբալյանի գերեզմանին: Այնուհետեւ այց կատարվեց Աչաջուր գյուղից 6 կմ հեռավորության վրա գտնվող Մակարավանք: Առաջնության ավարտին հաղթողներին եւ մրցանակակիրներին հանձնվեցին պատվոգրեր եւ եւ մեդալներ:
Կարդացեք նաև
Շախմատի Հայաստանի ակադեմիայի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը հաղթողներին հանձնեց շախմատի ակադեմիայի վկայագրերը եւ նվերը՝ շախմատի 3 խաղատախտակ: Ելույթ ունեցողները բարձր գնահատացին մրցաշարը կազմակերպելու գործում Արմիկ Աղբալյանի թոռան՝ «Հայկական ժամանակի» լրագրող Գագիկ Աղբալյանի եւ Աչաջրի շախմատի խմբի մարզիչ Արտակ Եգանյանի ներդրումը:
Գագիկ Աղբալյանը հուշամրցաշարի կազմակերպիչների կողմից Հայաստանի շախմատի ակադեմիային նվիրեց Մակարավանքի գեղակերտ պատկերը: Մրցաշարի ավարտին պատանի շախմատիստները, նրանց մարզիչները , հյուրերը հյուրընկալվեցին Աղբալյանների օջախում, ուր նրանց հյուրասիրություն էր սպասում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ