Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանն առանց համաձայնեցնելու նման կարծիք չէր հայտնի». ՀԱԿ պատգամավոր

Հոկտեմբեր 12,2014 22:11

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը զարմացել է ՀԺԿ-ի՝ եռյակը համալրելու լուրից:

Հիշեցնենք, որ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին հայտարարել էր, որ եռյակը դարձել է քառյակ՝ համալրվելով ՀԺԿ-ով:

Aravot.am-ը տիկին Սարգսյանից հետաքրքրվեց՝ որպես ՀԱԿ անդամ ու առանձին կուսակցության (ՍԴՀԿ) ղեկավար՝ եռյակը համալրելու առաջարկ ստացե՞լ է, տիկին Սարգսյանն ասաց՝ ոչ, ու դժվարացավ ասել, թե ինչու ՀԱԿ առաջնորդը նախընտրեց ՀԺԿ-ին. «Շատ բարդ հարց եք տալիս, տեղյակ չէի, որ քառյակի հարց է արծարծվելու: ՀԺԿ-ն շատ վաղուց կա քաղաքական դաշտում, մեծ դեր է ունեցել, ՀԺԿ-ն նաեւ հաղթած նախագահ Դեմիրճյան է ունեցել, չեմ ցանկանում իմ ու Դեմիրճյանի միջեւ զուգահեռներ տանել: Դեմիրճյանն իր կուսակցությամբ իր արժանիքներն ունի, ես՝ իմ արժանիքները: Ամեն դեպքում, ինձ դուրս չեմ համարում այդ ամեն ինչից, մենք տրամաբանությամբ՝ խմբակցությունը նկատի ունեմ, եռյակի մեջ էինք ու հիմա էլ դրանից դուրս չենք տեսնում, պարզապես թղթային ձեւակերպումներով մեր վերակազմավորյալ ՍԴՀԿ-ն մեկ տարվա պատմություն ունի: Անսպասելի էր ՀԺԿ-ի համալրման լուրը, բայց այսօր հնչեց ՀԺԿ-ի անունը, վաղը մի քանի այլ կուսակցությունների անուններ կհնչեն: Իշխանափոխության համար դաշտը պետք է ընդլայնվի»:

Տիկին Սարգսյանը նաեւ տեղյակ չէր՝ եռյակի ներսում քառյակ դառնալու քննարկում կամ համատեղ որոշում եղե՞լ է, թե՞՝ոչ:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը արձագանքել էր՝  պնդելով, որ եռյակը ՀԺԿ-ով համալրելու քննարկում չի եղել. «Մենք կողմ ենք, որ ավելի ընդլայնվի շարժումը, շարժմանը միանան ավելի շատ կուսակցություններ, ինչ վերաբերում է ձեւաչափին, Եռյակում նման քննարկում չի եղել, եւ Եռյակը չի համալրվել որեւէ այլ կուսակցությամբ: Երեկ Եռյակի պայմանավորվածության ձեւաչափից որոշակի շեղումներ են եղել, այդ հարցերին առաջիկայում կանդրադառնանք մեր գործընկերների հետ հանդիպման ընթացքում»:

Տիկին Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Լեւոն Տեր-Պետրոսյանի միանձնյա որոշումն է եղել ՀԺԿ-ն ընդգրկել եռյակում, տիկին Սարգսյանն ասաց. «Հավանաբար անակնկալներ եղել են, բայց չեմ կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն առանց համաձայնեցնելու նման կարծիք հայտներ: Զերծ կմնամ մեկնաբանությւոնից, որովհետեւ քննարկումներին չեմ մասնակցել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031