«Միկա» մարզադահլիճում ավարտվեց «Զեյթուն» մարզական ակումբի կազմակերպած ձյուդոյի 18-րդ ավանդական միջազգային պատանեկան մրցաշարը, որին երկու տարիքային խմբերով մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի պատանի ձյուդոիստները:
«Զեյթուն» մարզական ակումբի նախագահ, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանին ուրախացնում է, որ տարեցտարի ավելանում է մասնակից քաղաքների թիվը: Սակայն պարոն Խիթարյանը մտահոգություններ էլ ունի: «Ցավոք, այստեղ ես չտեսա այս տարիքային խմբերի մեր հավաքականների որոշ անդամների, ինչը անհասկանալի է: Եթե ֆեդերացիան թիմ է գործուղում արտասահման ու մեկը կազմում չի ընդգրկվում, մեծ աղմուկ են բարձրացնում: Բայց տեսեք. Եթե միջազգային մրցումը կազմակերպվում է իրենց երկրում, իրենց քաղաքում, չեն մասնակցում: Ես այս փաստն արձանագրել եմ: Կան մարդիկ, որոնք պարտավոր էին այստեղ լինել», – Aravot.am-ին ասաց Դավիթ Խիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ