ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցել է մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու հանդիսավոր բացման արարողությանը: Երկրի ղեկավարին ներկայացնելով տասնամյակներ շարունակ անխնամ ու քայքայված տարածքի բարեկարգման աշխատանքների ծավալը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2014թ-ին նախատեսված համալիր բարեկարգման ծրագրով շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգվել է:
Վերակառուցման աշխատանքների շրջանակում այգու տարածքը երեսպատվել է բետոնե, բազալտե և տրավերտինե նոր սալիկներով: Զուգահեռաբար տեղադրվել են եզրաքարեր, կառուցվել աստիճաններ։ Հանգստի գոտու մուտքը տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչների համար հարմարացնելու նպատակով կառուցվել են նաև թեքահարթակներ: Հանգստի գոտին ամբողջությամբ ապահովվել է արտաքին լուսավորության նոր համակարգով, շատրվանային երեք համալիրներով: Բնակիչների հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով տարածքը կահավորվել է նստարաններով, զրուցարան–տաղավարներով, խաղային ատրակցիոններով:
Բացի այդ, քաղաքապետը նաև նշել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվել կանաչ տարածքների ավելացմանը: Ստեղծվել են 4391քմ ընդհանուր մակերեսով նոր սիզամարգեր, այգու կանաչ տարածքների ոռոգումն ապահովելու նպատակով էլ անցկացվել է ոռոգման նոր ցանց: Շրջելով և ծանոթանալով հանգստյան գոտում ստեղծված պայմաններին, Հանրապետության Նախագահն ու Երևանի քաղաքապետը զրուցել են նաև զբոսայգում իրենց հանգիստն անցկացնող բնակիչների հետ, ովքեր, օգտվելով առիթից, իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել տասնամյակներ շարունակ անխնամ մնացած տարածքի բարեկարգումը նախաձեռնելու, կարճ ժամանակում այն ավարտելու համար: Նրանք նաև հատկանշել են, որ սա տոնական օրվա ամենասպասված նվերներից մեկն էր Երևանին ու երևանցիներին:
Երեւանի քաղաքապետարան
Կարդացեք նաև
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն