Երևանի Կարապի լճի դիմաց գտնվող Առնո Բաբաջանյանի արձանը պատկառանք և հիացմունք է ներշնչում այցելուներին:
Փողոցային երաժիշտ Տիգրան Պեշտմաջյանն իր վիբրոֆոնի օգնությամբ ունկնդիրին ամեն օր հաղորդ է դարձնում մեծն կոմպոզիտորի արվեստին:
«Հաճախ եմ «Նոկտյուրն»-ը նվագում, և մարդիկ զգում են, որ Բաբաջանյանն ապրում է»,- ասում է երաժիշտը ՝ հպարտությամբ մատնացույց անելով արձանը:
Տիգրանի համար երաժշտությունն ինքնարտահայտման միջոց է, ինչու ոչ՝ նաև ապրուստի: Սերը դեպի ամերիկյան երաժշտական գործիքն առաջացել է երիտասարդ տարիքում: Այդ ժամանակվանից ի վեր անընդհատ ձգտում է կատարելության՝ յուրովի մեկնաբանելով հանրահայտ ստեղծագործությունները:
Կարդացեք նաև
Տարեցներից ամաչում է գումար վերցնել. չէ՞ որ դա իրենց թոշակն է:
Արտերկրում դեգերելով՝ միշտ երազել է Երևանի մասին: «Սա է իմ քաղաքը, իմ Կարապի լիճը, իմ ընկերները»: «Բիթլզի» ջատագովը միայն քաղաքաշինության աղմուկից է բողոքում: «Ռադիոյով հաղորդում են՝ քաղաքը ջազ է լսում: Ցու՛յց տվեք մի տեղ, որտեղ ջազ են լսում: Չկա, որովհետև ամբողջ օրը միայն էլեկտրական սղոցի ձայն է գալիս»:
Երաժիշտը միշտ հավատարիմ է մնում իր նշանաբանին՝ այսօրվա գործը չպետք է թողնել վաղվան: «Ուզում ես արհեստ սովորել, սովորի՛ր, տունդ վերանորոգման կարիք ունի, վերանորոգի՛ր»:
Այն հարցին, թե ինչպե՞ս է ծախսելու այսօրվա վաստակած գումարը, մեր հերոսը պատասխանեց. «Մայրիկիս համար անձրևանոց եմ գնելու»:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ