Լրահոս
Օրվա լրահոսը

Խողովակն ու՞մն է

Հոկտեմբեր 12,2014 12:55
jragic

-Ա՛յ, Փայլակ, հանգիստ քնել ես, խոհանոցը ջրատակ եղավ:

Քնի մեջ ամուսինը լսում էր կնոջ ձայնն ու չէր կարողանում արթնանալ:
Երբ վերջապես կինը կոպիտ կերպով բոթեց նրա կողը, խայթվածի պես վեր թռավ ու արագ վազեց խոհանոց: Պատի վրայով ջրի բարակ, նեղ շիթը արագորեն ցած էր հոսում` ողողելով խոհանոցի հատակը: Իսկույն մտածեց, որ վերևի հարկերից մեկում խողովակ է պայթել: Դուրս եկավ աստիճանավանդակ, սեղմեց վերելակի կոճակը, բայց այն չէր աշխատում: Մի շնչով աստիճաններով ցած վազեց, շտապեց համատիրության գրասենյակ:

Համատիրության գրասենյակը փակ էր, որովհետև դեռ ժամի 10-ը չկար: Ետ եկավ և տասն հարկ վեր բարձրացավ ոտքով: Մտավ տուն, հավաքեց հարկավոր գործիքները և նորից իջավ ներքև, որ ներքնահարկից փորձի ջրի հոսքը փակել: Ներքնահարկը հեղեղված էր հազար ու մի հնոտիքով, իսկ մթան մեջ կողմնորոշվելը այնքան էլ դյուրին գործ չէր: Նորից վեր բարձրացավ, ձեռքի լուսավորիչը վերցրեց և ցած վազեց: Մի կերպ գտավ սառը ջրի փականը, բայց այն այնպես էր ժանգոտված, որ ոչինչ չկարողացավ անել: Մեկուսիչ ժապավենով մի կերպ փաթաթեց խողովակի ճեղքը, ջուրը ժամանակավորապես դադարեց դուրս ցայտելուց, իսկ ինքը ցեխակոլոլ, ջրակոլոլ տուն վերադարձավ:

-Փնթի ես, էլի,-ասաց կինը,-գործ անել չգիտես, շորերդ էլ չես փոխել, բա եղա՞վ:
-Շոր փոխելու ժամանակ էր, այ, կնիկ,-արդարացավ Փայլակը:
Փայլակը կեղտոտված ու թաց հագուստը փոխեց, անհանգիստ սրտով աշխատանքի գնաց, բայց տեղ հասնելուն պես զանգահարեց համատիրություն:
-Ես ոչինչ անել չեմ կարող, շեֆը դեռ չի եկել, մի քիչ ուշ զանգեք,-ասաց կոպիտ ձայնով կինը:
Մի քիչ սպասեց ու կրկին զանգահարեց համատիրություն:
-Բարև ձեզ,-ասաց նա,- լսելով տղամարդու մելամաղձոտ ձայնը հասկացավ, որ շեֆը տեղում է, մեր շենքի խմելու ջրի խողովակը պայթել է, ջուրը հոսում է բնակարանները:
-Մենք մասնագետ չունենք, որ այդ գործով զբաղվի, կգաք, ես հեռախոսի համար կտամ, կզանգեք, կկանչեք համապատասխան մասնագետին, նա գործը կանի, դուք էլ կվճարեք:
-Իսկ այդ խողովակը հո միայն իմը չէ, որ ես վճարեմ,-նեղացավ Փայլակը:
-Էդ մասը ոչ մեկինն էլ չէ, ընդհանուր է, հարևաններով պետք է վճարեք,-լսեց համատիրության նախագահի հրամայող ձայնը:
-Իսկ որ ամսեկան վարձ ենք վճարում, դա ինչի՞ համար է,-զարմացավ Փայլակը:
-Ախպեր ջան, գնա վարձ նշանակողներին հարցրու,-ասաց նախագահը:

Փայլակը խորը շունչ քաշեց ու ընկալուչը դրեց իր տեղում:

Հաջորդ օրը Փայլակը գնաց համատիրություն, իր բախտից նախագահը տեղում էր, որը դարակներում փնտրեց ու գտավ սանտեխնիկների հեռախոսների համարների ցուցակը:

-Սուրիկը այնքան էլ լավ գործ չի անում, էս Ժորիկն էլ` փնթի է, Հակոբն էլ թանկ է վերցնում, ամենահարմարը Ասատուրինն է,-ինքն իրեն խոսեց նախագահը, ապա բարձր ձայնով դիմեց Փայլակին,- գրի համարը,-և մեկ-մեկ թելադրեց Ասատուրի քաղաքային և բջջային հեռախոսների համարները:

-Փայլակը դժկամությամբ գրեց Ասատուրի համարները և տուն վերադարձավ, փնթփնթալով. Ախր էսպիսի բան կլինի, թող իրանք գան, նորոգեն, վարձն էլ` վերցնեն, հո ամեն մեկը չպիտի զանգահարի ու մասնագետ կանչի, էդ համատիրությունը միայն հեռախոսի համար տվո՞ղ է, ի՞նչ է:
Հասավ տուն, զանգահարեց Ասատուրին: Նա էլ ուրիշ տեղ գործ էր անում, խիստ զբաղված էր, բայց խոստացավ կամ երեկոյան այցելել կամ էլ` հաջորդ օրը առավոտյան:

Փայլակը զայրացավ ու կրկին զանգահարեց համատիրություն: Երբ ընկալուչը վերցրեց նույն անդուր ձայնով աշխատակցուհին, նա արտաբերեց.

-Ընկերուհի, դուք բնակվարձը գանձում եք, իսկ ուրիշը պիտի գա ու խողովակը մեր հաշվին վերանորոգի՞:
-Դու էլ զզվացրիր քո խողովակով, պիտի լրիվ անջատեն, որ խելքներդ գա տեղը, զանգահարեք ջրմուղկոյուղու տնտեսություն, թող գան, նորոգեն:
Փայլակը այդպես էլ արեց, զանգահարեց իրենց ջրամատակարարման տեղամաս ու բացատրեց եղելությունը:
-Ընկեր ջան, մենք սպասարկում ենք ջրախողովակը մինչև շենք մտնելը, իսկ շենքի ներսում մենք գործ չենք անում,-պատասխանեց տեղամասի աշխատակիցը:

Պտտվիր, պտտվիր կարուսել,
Ես քո ձայնը վաղուց եմ լսել…

Չգիտես զայրույթից, թե հեգնանքից սկսեց երգել Փայլակը:
-Դու քո կարուսելով պտտվիր, իսկ ջուրը ճաշասենյակի առաստաղին Պիկասոյի նկարների պատճենն է հանում,-խայթեց կինը:

Փայլակը նորից անհանգստացավ, գնաց հիմնարկ, իրենց սանտեխնիկին խնդրեց, բերեց: Նա էլ խողովակը նորոգեց, մի կտոր հաց կերավ, մի-մի բաժակ օղի խմեց Փայլակի հետ, մի կլորիկ գումար էլ գրպանը դրեց ու տուն գնաց
Հաջորդ օրը համատիրությունից զանգահարեցին ու հարցրեցին:
-Փականագործը եկա՞վ:
-Շնորհակալություն,-զայրացած պատասխանեց Փայլակը, վթարը արդեն վերացրել ենք:
-Բա որ կարող էիք, էլ ինչու՞ էիք զահլա տանում,-խայթեց համատիրության աշխատակցուհին:
-Որովհետև ձեր պարտականությունը ես եմ կատարում,-հանգիստ պատասխանեց Փայլակը և ընկալուչը վայր դրեց:

Իսկ երեկոյան Փայլակը պառկել էր բազմոցին, զմայլված նայում էր ճաշասենյակի առաստաղին ջրահոսքով նկարված պատկերներին ու մտքում հաշվարկում, թե ինչքա՞ն կարժենա ջրահոսքով փչացրած իր սենյակների առաստաղի ու պատերի վերանորոգումը` ներկայիս շինանյութի բարձր գներով: Բայց մի հարց անընդհատ խցկվում էր այդ հաշվարկների արանքում ու խառնում նրա վերջնական ընդհանուր գումարի չափը, վերջապես ու՞մ է պատկանում շենքից մինչև իրենց բնակարան ջրամատակարարման խողովակների հատվածը:
Կարևոր խնդիր է, չէ՞:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031