ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ,
Այսօր նշում ենք մեր սիրելի մայրաքաղաքի, մեր մեծ տան՝ Երևանի 2796-ամյակը:
Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իրո՛ք սիրում ու գնահատում է մեր հինավուրց, բայցև միշտ երիտասարդ քաղաքը: Եվ որ ամենակարևորն է՝ այդ սերն իսկապես անկեղծ է ու անշահախնդիր, ինչն իր հերթին նպաստում է, որ ամեն անգամ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը մենք վերածենք իսկական տոնախմբության:
Կարդացեք նաև
2796-ամյա մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ իրո՛ք վաստակել է տոնախմբելու իրավունքը, քանզի երևանցին՝ մեծ թե փոքր, իր հոգատար վերաբերմունքով ու սրտացավությամբ, մշտապես մասնակից է մեր սիրելի քաղաքի շենացման, ավելի գեղեցիկ ու հարմարավետ դարձնելու գործին:
«Էրեբունի-Երևանը» նաև աշխարհասփյուռ հայերի տոնն է, քանզի որպես համայն հայության մայրաքաղաք՝ Երևանը նաև նրանցից յուրաքանչյուրի մեծ տունն է: Նաև համոզված եմ, որ «Էրեբունի-Երևանը» յուրօրինակ մի հնարավորություն է աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին թեկուզ մտովի բերելու հարազատ տուն՝ Երևան, տեսնելու տարեցտարի ծաղկող, շենացող, ավելի գեղեցիկ ու հարմարավետ դարձող մեր քաղաքը: Եվ ուրեմն եկեք այսօր մեր սիրելի քաղաքն աշխարհին ներկայացնելով «Երևան՝իմտուն» կարգախոսի ներքո՝ մեկ անգամ ևս փաստենք, որ արդեն ունեցած մեր ձեռքբերումներին զուգընթաց, մենք հաստատակամ ենք մեր մեծ տունը ավելի լավը դարձնելու հարցում:
Սիրելի երևանցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի մայրաքաղաքի տարեդարձի կապակցությամբ։ Միասին ուրախանանք ու միշտ հիշելով, որ Երևանը մեր տունն է, տանտիրոջ պես վերաբերվենք նրան: Իսկ այսօր բազմապատկենք մեր սերը մեր քաղաքի նկատմամբ ու այդ ջերմ սիրով առլեցուն ասենք՝ շնորհավոր տո՛նդ, իմ տո՛ւն Երևան:
Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ
Երեւանի քաղաքապետարան
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն