Լրահոս
Օրվա լրահոսը

Սալորով քրամբլ

Հոկտեմբեր 12,2014 12:30

Անգլիական այս թխվածքը այնքան հեշտ է պատրաստվում եւ այնքան համեղ է, որ հաստատ կդառնա ձեր խոհանոցի մշտական հյուրը: Առավել եւս, որ այն կարելի է պատրաստել գրեթե բոլոր հնարավոր մրգերից ու հատապտուղներից, ինչը նշանակում է, որ ցանկացած սեզոնի դուք կարող եք ձեր ընտանիքի անդամներին եւ հյուրերին նման քաղցր հաճույք պատճառել: Նկատենք նաեւ, որ սա այն հազվադեպ թխվածքներից է, որը ձու չի պարունակում, եւ այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ նկատառումներով չեն կարողանում ձու ուտել, հանգիստ կարող են ուտել այս համեղ եւ օգտակար թխվածքը:
Ձեզ այսօր առաջարկում եմ սալորով քրամբլի բաղադրատոմսը:

 

Անհրաժեշտ մթերքները
Սալոր՝ 1 կգ
կարագ- 150 գրամ
ալյուր-250 գրամ
շաքար (ցանկալի է շագանակագույն, բայց պարտադիր չէ)- 200 գրամ
աղ- մի պտղուց
ընկուզեղեն- կես բաժակ (պարտադիր չէ)
վարսակի փաթիլներ (հերկուլես) կամ մյուսլի- կես բաժակ (պարտադիր չէ)
համեմուքներ, օրինակ՝ աղացած դարչին, մեխակ, ինչո՞ւ չէ՝ սեւ պղպեղ:

Պատրաստման եղանակը

Քրամբլն, ըստ էության, իրենից ներկայացնում է ջեռոցը դրված մրգեր՝ վրան փխրուն խմորից շերտ: Եթե մրգերը բավականաչափ հյութալի են, ինչպիսին, օրինակ, սալորն է, ապա որեւէ այլ բան ավելացնելու կարիք չկա: Եթե չոր են, ասենք՝ խնձոր կամ տանձ, ապա կարելի է դրանք նախապես մի թեթեւ շոգեխաշել կամ կարագով տապակել, սակայն այդ մասին՝ մեկ ուրիշ անգամ: Վերադառնանք մեր սալորով քրամբլին:

A_Salorov-crumble-1

Սալորները (հարմար է ինչպես սեւ սալորը, այնպես էլ՝ ցանկացած այլ տեսակի) կորիզահանել, լցնել հրակայուն ամանի մեջ, վրան մի քիչ դարչին կամ սեւ պղպեղ անել, շաքարավազի 1/4-ը, խառնել:

A_Salorov-crumble-4

A_Salorov-crumble-5Առանձին ամանի մեջ իրար խառնել կարագը, մնացած շաքարավազը, ալյուրը, աղը: Ավելացնել նաեւ կտրատած ընկուզեղենը, մյուսլին կամ հերկուլեսը, նորից լավ խառնել, դառնում է փխրուն փշրանքների նման զանգված: Հավասարաչափ լցնել սալորի վրա: Դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը: Եթե ջեռոցն արդեն լավ տաք է, քսան րոպեից պատրաստ կլինի, պետք է խմորը լավ կարմրի, բայց զգույշ եղեք չվառվի:
Քրամբլը չեն կտրում դանակով, այլ՝ լցնում են գդալով, ցանկալի է կիսախոր ափսեների մեջ: Ի դեպ, եթե ունեք փոքր հրակայուն ամանները, կարելի է առանձին մասնաբաժիններով պատրաստել եւ դնել ջեռոցը: Քրամբլը կարելի է մատուցել եւ տաք վիճակում (շատ համեղ է վրան մի գնդիկ պաղպաղակ դրված) եւ սառը:

A_Salorov-crumble-3 A_Salorov-crumble-2

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» 11.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել