Լրահոս
Օրվա լրահոսը

«Լինելու է գնաճ եւ ոչ ԵՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության կտրուկ նվազում» 

Հոկտեմբեր 11,2014 20:11

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության տնտեսական հետեւանքները : 


Եվ այսպես, երեկ Մինսկում Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը: Սերժ Սարգսյանը այդ կապակցությամբ շնորհակալություն է հայտնել ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներին եւ վստահեցրել, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ կվերաբերի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, ապա հույս է հայտնել, որ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները կօգնեն իրենց ազգային խորհրդարաններում մինչև տարեվերջ վավերացնելու այդ պայմանագիրը, որպեսզի հաջորդ տարի հունվարի 1-ից Հայաստանը ևս սկսի իր աշխատանքը:

«Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք արդյունավետորեն իրագործել Հայաստանի միանալու գործընթացը՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը մեր երկրի համար և առավելագույնի հասցնելով ընդհանուր շահը»,- ասել է նա՝ խոստովանելով, որ «բանակցությունների փուլը հեշտ չէր»:

Նա ասել է, թե ինչու է Հայաստանը միացել ԵՏՄ-ին. «Որոշումը, որը հիմք դրեց եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի լիիրավ մասնակցությանը, մեր կողմից ընդունվեց՝ ելնելով այն հանգամանքից, որ մենք Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում ենք որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված, մեր երկրների համար կանխատեսելի և առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացման հիմնական ձևաչափ»: 

«Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի նախագահ, տնտեսագիտության թեկնածու Ղարիբ Հարությունյանին «Առավոտը» խնդրեց գնահատել՝ իսկապե՞ս ԵՏՄ-ն կարելի է որպես այդպիսին դիտարկել:  «Այդ հայտարարության կոնտեքստը պարզ է: Հիմնական շեշտադրումը դրվում է ապրանքաշրջանառության աճի վրա: Բայց մի հանգամանք մենք պետք է հաշվի առնենք. ճիշտ է, երբ պայմանագրի հավելվածներին ծանոթանում ենք, այնտեղ որոշակի արտոնություններ կան, որոնք որոշ ժամանակ մեզ հնարավորություն կտան, որ այլ՝ ո՛չ Մաքսային միության երկրների հետ մաքսերը՝ զրոյական դրույքաչափով լինեն: Այդ արտոնությունները կտրվեն մեզ, բայց՝ կարճատեւ ժամանակահատվածում: Բայց մի երեք-չորս տարի հետո, երբ արտոնությունները վերանան, եւ ամբողջ բեռը սկսի կիրառվել, մենք այլ երկրներից ներմուծվող ապրանքների հետ խնդիրներ ենք ունենալու: Այսօր ապրանքաշրջանառության մեջ մեզ մոտ առաջինը՝ տեսակարար կշռով, Ռուսաստանն է, ապա՝ Չինաստանը, երրորդը՝ ԵՄ տարբեր երկրներ՝ տարբեր  տարիների, Ուկրաինայի հետ էլ մեծ շրջանառություն ունենք, սովորաբար չորրորդ տեղում է լինում եւ այլն… ԵՏՄ մեջ չգտնվող երկրների հետ ապրանքաշրջանառության ժամանակ ներմուծման տարիֆը միանշանակ բարձրանալու է, եթե հիմա ունենք միջին կշռված 4,5% ներմուծման նկատմամբ տարիֆ, ապա ԵՏՄ մտնելուց հետո, երբ արտոնությունները վերանան՝ մեկ-երկու տարուց կամ ավելի շուտ, այդ  տարիֆը, բնականաբար, կբարձրանա: Եվ այդ ապրանքները, որ ներմուծում ենք այդ երկրներից, այլեւս չենք բերի, որովհետեւ ձեռնտու չի լինի»,-ասաց նա:

Մեր հարցին՝ այսինքն, ուզած չուզած միայն ԵՏՄ երկրների՞ց պիտի ներմուծենք, տնտեսագետը պատասխանեց՝ այո, այլընտրանքը դա է մնում. «Իրենք եթե առաջարկեն այդ ապրանքները, մենք դրանք կներմուծենք, եւ ապրանքաշրջանառությունը ԵՏՄ ներսում կմեծանա: Իսկ արտահանման վերաբերյալ՝ ասեմ հետեւյալը: Մենք ԱՊՀ երկրների հետ, հիմա էլ, առանց ԵՏՄ-ի մեջ մտնելու, արտահանման համար որեւէ տարիֆ չունեինք, այսինքն՝ այդ երկրների շուկաները առանց այդ էլ մեզ համար բաց էին: Եթե այդ շուկաներից համապատասխան պահանջարկ կար, ինչո՞ւ մինչեւ հիմա այդ շուկաները չէինք օգտագործում, եւ եթե չէինք օգտագործում, ինչո՞վ ԵՏՄ-ն մեզ պիտի օգնի»: 

«Առավոտի» հարցին՝ իսկ ԼՂ եւ ՀՀ միջեւ մաքսակետի գոյությունը մեզ ի՞նչ է սպառնում՝ տնտեսական առումով. չէ՞ որ եթե ԵՏՄ անդամ Հայաստանի եւ ոչ անդամ Արցախի միջեւ մաքսակետ դնենք, վնաս կհասցնենք Արցախի տնտեսությանը, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ մաքսակետը, եթե նույնիսկ լինի, ձեւական բնույթ կկրի, այլապես, իրոք, դրանով մենք կկործանենք Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը: Երկու հանգամանք կա. նախ, Հայաստանի Հանրապետությունը մեծ ապրանքաշրջանառություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Եվ երկրորդ՝ ԼՂ-ն ինչ ապրանք արտահանում է այլ երկրներ, դա անում է Հայաստանի միջոցով: Հետեւաբար, մաքսակետի գոյության դեպքում Լեռնային Ղարաբաղը տուժելու է երկու ուղղությամբ՝ ՀՀ հետ ապրանքաշրջանառության առումով եւ արտահանման հարցով: Դա լուրջ հարված կլինի այդ երկրի տնտեսությանը, չհաշված, որ դա մեզ էլ կհարվածի, քանի որ մենք ԼՂ-ից բավականին սննդամթերք ենք ներկրում»

Ինչ վերաբերում է ծանր կանխատեսումներին այն մասին, որ ԵՏՄ մտնելուց հետո մեզ երկնիշ գնաճ է սպասվում, տնտեսագետը ասաց. «Միանշանակ՝ լինելու է: Տեսեք, ԵՏՄ մյուս երկու երկրները՝ Բելառուսն ու Ղազախստանը, ՀՀ հետ ապրանքաշրջանառության մեջ տեսակարար կշիռով 26-28-րդ տեղում են գտնվում: Իսկ երկրորդ տեղում գտնվող Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 30%, մնացած 70%-ը մենք ներմուծում ենք այլ երկրներից, այդ թվում՝ դեղորայք, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Պատկերացրեք, որ այդ ամբողջ տեսականու վրա մաքս գումարվի, գնաճ կլինի՝ միանշանակ, կամ՝ պետք է այդ ամբողջ տեսականին գնենք միայն Ռուսաստանից՝ հրաժարվելով մյուս երկրների հետ առեւտրից, բայց Ռուսաստանում ապրանքների գների միջին մակարդակը մեր երկրի համեմատ էլի բարձր է, այսինքն, այս դեպքում էլ կլինի գնաճ: Դա հարվածելու է բոլորի գրպանին, քանի որ կլինի միանգամից 10-12%-ի շրջանում»

Մեր խնդրանքին՝ գոնե մի փոքր լուսավոր, սփոփիչ կետ կա՞ ԵՏՄ-ին անդամակցության մեջ, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ապրանքաշրջանառության մեջ՝ միանշանակ միայն տուժելու ենք, ունենալու ենք գնաճ եւ մյուս երկրների հետ ապրանքաշրջանառության կրճատում: Միակ դրական կետը կլինի, եթե ԵՏՄ երկրները մեծ գումարներ եւ ներդրումներ անեն մեր տեղական արտադրության մեջ, աշխատատեղեր բացվեն, արտադրությունը զարգանա: Եթե լինի»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.10.2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031