Ստավրոպոլի Մինվոդ հիվանդանոցում անցած ամիս զանգվածային կռվի և սպանության գործով ևս 6 հոգի են ձերբակալվել, որոնցից 3-ը՝ հայեր, նրանք են՝ 23-ամյա Հրանտ Հակոբյանը, 28-ամյա Վլադիմիր Ցականյանը և 28-ամյա Արմեն Օսիպյանը, հայտնում է «Ռոսբալտ»-ը:
Ըստ հետաքննության, սեպտեմբերի 20-ին Միներալնիե Վոդի քաղաքի «Եվգենիա» ռեստորանի հաճախորդների մեջ վեճ է ծագել: Ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող Անդրանիկ Ցականյանը և Եվգենի Սմիրնովը շշով հարվածել են հաճախորդներից մեկի գլխին: Գլխի հատվածում վնասվածք ստացած Ռոման Սավչենկոն իր ընկերներ Անատոլի Լարիոնովի և Ռուսլան Աբդուլջալիլովի հետ մեկնել է հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու: Որոշ ժամանակ անց այնտեղ է գնացել Ցականյանը և մոտ 30 հոգու հետ ներխուժել հիվանդանոց: Նրանք ծեծել են միջանցքում գտնվող Անատոլի Լարիոնովին, ինչպես նաև վնասվածքներ հասցրել Ռուսլան Աբդուլջալիլովին և բուժքույր Նինա Ստանկային: Ավելի ուշ Լարիոնովը ստացած վնասվածքներից մահացել է:
Դեպքի հետ կապված կա 18 կասկածյալ, որոնցից 12-ը ձերբակալվել են, նրանք են՝ Անդրանիկ Ցականյանը, Մաքսիմ Ցականյանը, Վլադիմիր Ցականյանը, Սամվել Մանուչարյանը, Հրանտ Հակոբյանը, Արմեն Օսիպյանը, Եվգենի Սմիրնովը, Արտեմ Վորոնովը, Պավել Դելյանիդին, Ահմեթ Մութաևը և 17-ամյա մի դեռահաս:
Այս սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել, ինչի արդյունքում փոխվել է քաղաքապետարանի և ոստիկանության ղեկավարությունները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ