Գագիկ Մակարյանը չի բացառում, որ Բելառուսն ու Ղազախստանը կարող են նաեւ պայմաններ առաջ քաշեն
«Նոր իրավիճակ է, որը ես փորձարարական եմ համարում, որովհետեւ մենք գտնվում ենք խոշոր երկրների քաղաքականության փորձարարության կիզակետում»,- այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ Բելառուսում ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրին, հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նա նշեց, որ ստեղծված պայմաններում Հայաստանը պետք է փորձի օգտվել իրավիճակից, այլ ոչ թե դառնա խոշոր պետությունների փորձարարության առարկան. «Հայաստանը պետք է կարողանա հավասարակշռել իր հարաբերությունները՝ ե՛ւ Եվրամիության հետ շարունակի իր հարաբերությունները, կարողանալով նոր փաստաթղթեր ստորագրել, ե՛ւ այլ խոշոր աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող պետությունների հետ»:
Պարոն Մակարյանի կարծիքով՝ Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարաններում պայմանագիրը վավերացնելու ժամանակ խնդիրներ կարող են առաջանալ, եւ հնարավոր է, որ նրանք պայմաններ առաջ քաշեն. «Այստեղ ճկունությունը կարեւոր է, որովհետեւ այդ պայմանների լուծման աղբյուրը մենք չպետք է միայն տեսնենք Ռուսաստանի ուժի, ազդեցության մեջ, որը որ արդեն նկատվեց երեկ՝ պայմանագիրը ստորագրելու ընթացքում, երբ մյուս երկրները շատ բարեհամբյուր եւ լուռ էին, բայց իրականում մենք չգիտենք՝ իրենց գլխում ի՞նչ մտքեր կան»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ